Ճանապարհն Արցախի Խնածախ համայնք է տանում. այստեղ պատերազմից հետո տասնյակ տեղահանված ընտանիքներ են ընդունել: Օկուպացված Ջրաղացներ գյուղից Հայրապետովները նոր բնակավայրում որոշել են հացի արտադրությամբ զբաղվել:
Արսեն Հայրապետով (տեղահանված) - Մեր ընտանիքն աշխատող ընտանիք է: Մենք գյուղում ոչ միայն թոնրահաց էինք թխում, այլև զբաղվում էինք գյուղատնտեսության բոլոր ոլորտներով: Եվ այստեղ մտածեցինք, որ պետք է մի բանով զբաղվենք: Հասկացանք՝ պետությունն առաջին քայլերն արեց, որ կարողանա ոտքի կանգնեցնի բոլոր տեղահանվածներին՝ աջակցության ծրագրերով և այլն, և այլն: Բայց դա անվերջ չէ, դա վերջ էլ կունենա: Մենք պետք է նախօրոք պատրաստվենք դրան:
Տարածքի շինարարությունից հետո պետք էր զինել արտադրամասը: Արսենը դիմեց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության Արցախի գրասենյակ: Կարճ ժամանակ անց ստացան անհրաժեշտ սարքավորումներն ու գործի անցան: Առայժմ աշխատում են երեք հոգով՝ օրական մոտ 300 հաց են թխում:
Էլեոնորա Հայրապետովա (տեղահանված) - Պիտի այնպիսի հաց թխես, որ որակով լինի: Տան համար ոչինչ՝ մեկը՝ դես, մեկը՝ դեն՝ ստացվում է: Այստեղ կշռում ենք, ամեն ինչ հաշվարկում ենք:
Հայրապետով ամուսինները չեն թաքցնում՝ սկզբից հացի որակի խնդիր ունեին, բայց սեփական փորձով բացահայտեցին գաղտնիքները:
Էլեոնորա Հայրապետովա - Լավ տրամադրությամբ ենք թխում, որպեսզի հացն էլ լավ դառնա:
Հիմա 8 գործընկեր ունեն: Նախատեսում են նոր գործընկերներ գտնել, որ նաև աշխատատեղ ստեղծեն տեղահանվածների համար: Մինչև այդ Արսենը կեսգիշերն անց արթնանում է, օգնում կնոջը, որ առավոտյան մեկնի շինհրապարակ՝ այնտեղ է աշխատում:
Արսեն Հայրապետով - Սկզբից, պատկերացրեք՝ 40, 50, 60 հացով ենք սկսել: Այնքան, որ այդ աշխատանքում կարողանանք վարպետանանք, քանի որ թոնրահացի և փռի հացի մեջ մեծ տարբերություն կա: Ստեփանակերտ քաղաքում մի քանի փուռ կար, որ աշխատում էին վաղուց: Ես ու կինս գիշերվա ժամը 12-ին, 2-ին գնում էինք այդ փռերը, աշխատում էինք ժամերով՝ 2 ժամ, 3 ժամ՝ տարբեր փռերում, ուղղակի ուզում էինք տարբեր գյուղերի գաղտնիքները բացահայտենք:
Սղնախ, Ջրաղացներ, Մոշխմհատ և Մադաթաշեն համայնքներից տեղահանվածների համար Ասկերանի շրջանում նոր բնակավայր է կառուցվում: Արսեն Հայրապետովը երկրորդ կարծիք չունի՝ հացի արտադրամասը կտեղափոխեն այնտեղ: Իսկ բարեկարգ տարածքը կմնա հյուրընկալ սեփականատիրոջը, որ այս ընթացքում վարձավճարի մասին տեղահանված ընտանիքի հետ չի էլ խոսել: