Արագածոտնի մարզում սուբենցիոն ծրագրերով համայնքային ենթակառուցվածքներն օրեցօր զարգանում են: Պետություն-համայնք գործակցությամբ՝ Կարբիում շուտով IT դպրոց կբացվի: Որ գաղափարը կյանքի կոչվեր, ծրագրին աջակցել են նաև բարերարները: Գումարի 45 տոկոսը պետությունը, 20 տոկոսը՝ բարերարները, մնացած 35 տոկոսն էլ համայնքն է հատկացրել:
Կարեն Բաղդասարյան, Կարբիի վարչական ղեկավար - «Ցանկանում ենք, որ սա դիտարկվի նվեր որպես մեր նոր սերնդին, մեր համայնքին և ոչ միայն Կարբի համայնքին, այլ նաև հարակից համայնքներին, ովքեր ցանկություն կունենան սովորելու, ուսանելու տվյալ դպրոցում: Անունը, ամենայն հավանականությամբ, կլինի Karpi tex center:
Կարբիում սուբվենցիոն ծրագրերով վերջին երեք տարում նաև ջրագիծ են փոխել, փողոցներ ասֆալտապատել, լուսավորել, ազատ ժամանցի գոտիներ կառուցել: Արագածոտնի քաղաքաշինության վարչության պետն ասում է՝ համայնքային բյուջեն քանի որ քիչ էր, մեծ ծրագրեր չէին իրականացվում:
Հակոբ Ստեփանյան, Արագածոտնի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ - Համայնքում մոտավորապես 600 միլիոնի սուբվենցիոն աշխատանքներ է կատարվել 4 տարվա ընթացքում: 2021 թվականին համայնքում իրականացվում է 5 ծրագիր, որոնց մեջ ներառված են նաև IT դպրոցի կառուցման աշխատանքները:
Կարբիի դպրոցի աշակերտները ծրագրավորման ոլորտում նախ Հայաստանում, հետո Սիլիկոնյան հովտում անցած տարի առաջին տեղն են գրավել: Եվ դա էր նաև պատճառը, որ որոշվեց գյուղում IT դպրոց հիմնել: Դպրոցում սովորելու են 10-17 տարեկանները, ընդունելության սահմանափակումներ չեն լինելու՝ վստահեցնում է Կարբիի վարչական ղեկավարը, նշում՝ աշակերտները նաև օտար լեզուներ են ուսումնասիրելու:
Կարեն Բաղդասարյան - Ըստ ուսումնական ծրագրի, Կարբիի IT դպրոցում ուսանելու է մոտ 300 աշակերտ: Փորձելու ենք, որ վարձավճար չլինի, չնայած մինչև վերջ դեռ այդ հարցը պարզված չէ, որովհետև ֆինանսական ծանր բեռ է լինելու համայնքի վրա, պետք է փորձենք բարեգործական այլ միջամտություն, բարեգործական այլ կազմակերպությունների օգնությունն ստանալ:
Որ համայնքները համաչափ զարգանան ու կապիտալ ներդրումներ լինեն, մարզի քաղաքաշինության պատասխանատուն բարձր է գնահատում սուբվենցիոն ծրագրերի անհրաժեշտությունը: Ասում է՝ եթե առաջին տարում 70, ապա հաջորդ 3 տարում Կարբիում ներդրումները հասել են տարեկան մինչև 300 միլիոն դրամի:
Հակոբ Ստեփանյան - Համայնքն է նախընտրում ծրագրերը, որոշում է, թե որ ծրագիրն է ավելի առաջնահերթ համայնքի համար և, հիմնականում, իրենք աշխատում են իրենց ենթակառուցվածքները լավացնելու ուղղությամբ:
Գյուղում առողջ ապրելակերպը խթանելու համար սուբվենցիոն ծրագրով մտածում են այս տարի նաև մեծ մարզահամալիր կառուցել, նախագիծը պատրաստ է, սպասում են ներդրումների: