Պատվաստումային շարժական նոր կետ է սկսել գործել նաև Հանրապետության հրապարակում:
Բելգիահայ Նիկոլա Դավիդյանը մոտ մեկ տարի է տեղափոխվել է Հայաստան և աշխատում է Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակում: Ասում է՝ քանի որ աշխատանքի վայրին մոտ էր, որոշեց արագ գալ, պատվաստել ու վերադառնալ աշխատանքի: Առաջին երկու դեղաչափն ստացել է Բելգիայում, հիմա խթանիչ՝ բուստեր դեղաչափն է ստանում:
Եվրոպական երկրներում բնակչության մեծամասնությունը պատվաստված է: Բոլորն են գիտակցում, որ անհրաժեշտ է պատվաստվել՝ ասում է Նիկոլան: Նկատել է, որ այստեղ ևս շատերն են սկսել պատվաստվել:
Մեկ այլ քաղաքացու էլ համավարակով պայմանավորված սահմանափակումներն են ստիպել պատվաստվել:
Առողջապահության նախարարը կրկին հորդորում է բոլոր քաղաքացիներին պատվաստվել: Ըստ Ավանեսյանի՝ չնայած վերջին մեկ ամսվա ընթացքում քովիդով հիվանդացության դեպքերը նվազել էին, սակայն տոնական օրերին գրանցվել է դեպքերի աճ:
Փոփոխություններ կարվեն խթանիչ՝ բուստեր դեղաչափն ստանալու ժամկետների մեջ: Այն թույլատրվում է ստանալ երկրորդ դեղաչափն ստանալուց 6 ամիս անց միայն:
Ի դեպ՝ շարժական կետերում հնարավոր է պատվաստվել նաև գրիպի դեմ:
Հայաստանում բնակչության մոտ 42 տոկոսն արդեն պատվաստվել է առաջին դեղաչափով, բայց հանրային իմունիտետ ձևավորելու համար անհրաժեշտ է, որ մոտ 70 տոկոսը պատվաստված լինի՝ ասում է առողջապահության նախարարը:
Հեղինակ՝ Վրույր Մկրտչյան