ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Ուրցաձոր համայնքի նախկին ղեկավարի որդու կողմից ոստիկանության ծառայողների նկատմամբ առերևույթ բռնություն գործադրելու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Նախնական տվյալներով՝ 2022 թ. հունվարի 15-ին, Ուրցաձոր համայնքի նախկին ղեկավարին ինքնիրավչություն կատարելու կասկածանքով բերման ենթարկելու ժամանակ, վերջինիս որդին, իր կողմից վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայով, որում գտնվել է նաև նույն գյուղի բնակիչներից մեկը, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և ավտոմեքենայի առջևի մասով հարվածել ոստիկանության ծառայողական «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի առջևի մասին, ապա, իջնելով ավտոմեքենայից, սկսել է դժգոհել հորը ոստիկանության բաժին բերման ենթարկելու հանգամանքից, սպառնացել ոստիկաններին՝ չենթարկվելով վերջիններիս օրինական պահանջներին:
«ՎԱԶ 2121»-ի կողմից ոստիկանության ծառայողական ավտոմեքենային հարվածելու արդյունքում ոստիկաններից երկուսը մարմնական վնասվածքներ են ստացել և դիմել բուժօգնության:
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Արարատի բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին և ընդունվել վարույթ:
Նախաքննության ընթացքում կատարվել են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի և տրանսպորտային միջոցների զննություններ, որի ընթացքում «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայի սրահի հետևի նստատեղի դիմաց՝ հատակին, հայտնաբերվել է երկփողանի որսորդական հրացան, որսորդական հրացանի պատյան, իսկ առջևի նստատեղերի միջնամասում՝ որսորդական հրացանի փամփուշտներ՝ պատյանով, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Նույն օրը Ուրցաձոր համայնքի նախկին ղեկավարի որդին ձերբակալվել է՝ ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով:
Կատարվում է նախաքննություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: