Հոսանքի և ջրի գնի բարձրացումը կարող է ազդել գնաճի վրա, սակայն ոչ մեծ չափով: Հայաստանում նախորդ տարի գնաճը բարձր էր. հունվար-նոյեմբերին՝ 7.1 տոկոս, չնայած ԵԱՏՄ տարածքում ամենացածր գնաճ արձանագրած երկրորդ երկիրն ենք՝ Ռուսաստանից հետո: Այս տարի միջինում մոտ 10 տոկոսով աճելու են թե՛ ջրի, թե՛ էլեկտրաէներգիայի սակագները, ինչը սովորաբար ազդում է նաև գների վրա:
Հունվարի 1-ից ջրի սակագինը 180 դրամից դարձել է 200, սակայն անապահով բաժանորդների համար այն մնացել է անփոփոխ, իսկ փետրվարի 1-ից հոսանքի գինը կբարձրանա միջինում 4.7 դրամով, հիմնական փոփոխությունը վերաբերում է մեծ ծավալի սպառողներին:
Կարեն Սարգսյան (տնտեսագետ) - Ցանկացած ապրանքի ինքնարժեքում թե՛ հոսանքը, թե՛ ջուրը ունեն որոշակի մասնաբաժին: Ու կախված այդ մասնաբաժնից՝ այդ ապրանքների հնարավոր գնաճը կախված է դրանից: Կարծում եմ, քանի որ 10 տոկոսով թանկացում է, բնականաբար, 10 տոկոս գների բարձրացում չի լինի ցանկացած ապրանքի, սակայն հնարավոր է՝ մոտ 2-3 տոկոսով սկզբնական շրջանում գնաճ տեղի ունենա՝ իմ կանխատեսմամբ:
Արտաքին գործոնները գնաճի վրա ավելի մեծ ազդեցություն ունեն, քան ներքին: Հաշվի առնելով զարգացած երկրների իրականացրած քայլերը գնաճի մեղմման ուղղությամբ, մասնավորապես՝ ԱՄՆ-ի և Եվրամիության կողմից դրամավարկային քաղաքականության խստացման միջոցառումները, Սարգսյանը կարծում է, որ դրանք կնպաստեն աշխարհում գնաճի մեղմմանը:
Կարեն Սարգսյան - Եթե համեմատենք այլ երկրների, օրինակ՝ Եվրամիության երկրների հետ, ապա այստեղ ևս կարող ենք արձանագրել, որ մեր գնաճային ընդհանուր իրավիճակը բավական բարվոք է՝ ի համեմատ այլ երկրների: Տեսեք՝ միջազգային շուկաների գնաճային այդ մեղմացումները արագ չեն սպասվում, այսինքն՝ ընթացքում կլինեն: Այսինքն՝ մինչ այդ ազդակները Հայաստան կհասնեն, դա, կարծում եմ՝ տարվա կեսերին որոշակիորեն էապես մենք կզգանք այդ գնաճի մեղմացումը:
Կենտրոնական բանկը նախորդ տարի գնաճի զսպման համար մի քանի անգամ բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Կառույցի կանխատեսմամբ՝ այս տարի գնաճը կվերադառնա կառավարելի՝ 4 պլյուս-մինուս 1.5 տոկոսի մակարդակ:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան