Եվրամիությունը ողջունում է երկկողմ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ աշխատելու՝ Հայաստանի և Թուրքիայի պատրաստակամությունը։ Այս մասին Twitter-ի միկրոբլոգում գրել է Եվրամիության արտաքին հարաբերությունների ծառայության խոսնակ Պետեր Ստանոն:
«Հատուկ բանագնացների հանդիպումը կարևոր քայլ էր: Մենք խրախուսում ենք այդ ուղղությամբ Երևանի և Անկարայի հետագա ջանքերի գործադրումը»,- նշել է Ստանոն:
ՆԱՏՕ-ն նույնպես ողջունել է հունվարի 14-ին Մոսկվայում Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացների հանդիպումը՝ Twitter-ում գրել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան:
«ՆԱՏՕ-ն աջակցում է Երևանի և Անկարայի հարաբերությունների կարգավորմանը, ինչը կնպաստի տարածաշրջանում կայունության ապահովմանը»,- ընդգծել է Կոլոմինան:
ՂԱԶԱԽՍՏԱՆՈՒՄ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ ԽՈՍԵԼԸ ՎԱՂ Է. ԶԱՍ
Ղազախստանում իրավիճակի կարգավորման մասին խոսել դեռ վաղ է, սակայն բեկում նկատվում է, հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը՝ հավելելով, որ երկրում դեռևս գործում է արտակարգ դրության ռեժիմը։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի խոսքով՝ տեղի է ունենում սահմանափակումների փուլային մեղմացում, ինչը նշանակում է, որ երկիրն աստիճանաբար վերադառնում է բնականոն կյանքի:
Զասը նշել է նաև, որ Ղազախստանում իրավիճակը կայունացել է այդ թվում՝ ՀԱՊԿ խաղաղապահ զորակազմի օգնությամբ։
«Խաղաղապահ առաքելության գործարկումը տեղին էր։ Դա միանգամայն համապատասխանում էր ստեղծված բարդ իրավիճակին։ Պետությանը և երկրի տարածքային ամբողջականությանը իրական վտանգ էր սպառնում»,- ընդգծել է Զասը։
Ավելի վաղ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հրամանագրեր է ստորագրել երկրի մի շարք շրջաններում արտակարգ դրության չեղարկման մասին։
ՎԵՐՍԿՍՎԵԼ ԵՆ ԻՐԱՆԻ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԳՈՐԾԱՐՔԻ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Իրանական միջուկային ծրագրի բանակցություններն իմաստ չեն ունենա, եթե չլինի առաջընթացի հեռանկար։ Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը։
«Բանակցությունները շատ դանդաղ են առաջ գնում, եթե դրանք չարագանան, և արդյունք չգրանցվի, պատժամիջոցները չեն չեղարկվի»,- նշել է նա։
Պաշտոնյայի խոսքով՝ խնդիրը միջուկային ոլորտում իրանցի գիտնականների արագ առաջընթացն է և Իրանի իշխանությունների հապաղումը՝ բանակցություններում ներկայացվող առաջարկներն ընդունելու հարցում։
Հունվարի 3-ին Վիեննայում վերսկսվել են Իրանի միջուկային հարցով բանակցությունները։ Երեկ կայացած քննարկումներից հետո որոշում է կայացվել երկու օր ընդմիջում տալ գլխավոր բանակցողներին՝ իրենց երկրներում խորհրդակցություններ անցկացնելու համար։
Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ գլխավոր բանակցողների ժամանակավոր վերադարձը Վիեննայից իրենց երկրներ չի նշանակում, որ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի վերականգնման ութերորդ փուլը դադարեցվելու է։
ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԲՈՅԿՈՏՆ ԸՆԴԼԱՅՆՎՈՒՄ Է
Նիդերլանդների և Դանիայի իշխանությունները որոշել են միանալ Պեկինում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերի «դիվանագիտական բոյկոտին»։
Նիդերլանդները խաղերին կառավարական պատվիրակություն չի ուղարկի, քանի որ Չինաստանը որոշել է սահմանափակել մրցումներին օտարերկրյա հանդիսատեսների մուտքը։ Դանիան էլ դիվանագիտական պատվիրակություն չի ուղարկի Օլիմպիական խաղերին՝ Չինաստանի իշխանություններին մեղադրելով մարդու իրավունքների խախտման համար։
Ավելի վաղ խաղերի դիվանագիտական բոյկոտի մասին հայտարարել էին ԱՄՆ-ը, Ճապոնիան, Մեծ Բրիտանիան, Կանադան, Ավստրալիան, Նոր Զելանդիան։
Ձմեռային օլիմպիական խաղերը կանցկացվեն Պեկինում 2022 թվականի փետրվարի 4-20-ը։