ԱՄՆ-ը ողջունում է հայ-թուրքական երկխոսությունը և դիվանագիտության ու բանակցությունների միջոցով առկա տարաձայնությունները կարգավորելուն ուղղված ջանքերը: Այդ մասին «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայության հարցմանն ի պատասխան՝ հայտարարել են ԱՄՆ պետքարտուղարությունից՝ մեկնաբանելով հունվարի 14-ին Մոսկվայում Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացների հանդիպումը:
Եվրամիությունը ողջունում է երկկողմ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ աշխատելու՝ Հայաստանի և Թուրքիայի պատրաստակամությունը։ Այս մասին Twitter-ի միկրոբլոգում գրել է Եվրամիության արտաքին հարաբերությունների ծառայության խոսնակ Պետեր Ստանոն:
«Հատուկ բանագնացների հանդիպումը կաևոր քայլ էր: Մենք խրախուսում ենք այդ ուղղությամբ Երևանի և Անկարայի հետագա ջանքերի գործադրումը»,- նշել է Ստանոն:
«Հարաբերությունների կարգավորման հետագա ցանկացած քայլ կնպաստի տարածաշրջանում կայունության հաստատմանը, հեռանկարներ կստեղծի հաշտեցման և տնտեսական զարգացման համար։
Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումն առանցքային նշանակություն ունի ԵՄ-ի համար՝ երկու երկրների հետ գործակցության առումով: 2014 թվականից ի վեր ԵՄ-ն ավելի քան 4,5 մլն եվրո է հատկացրել այն նախագծերի համար, որոնք ուղղված են հող նախապատրաստելուն մի շարք այնպիսի ոլորտներում հարաբերությունների կարգավորման համար, ինչպիսիք են տնտեսությունը, մշակույթը, կրթությունը և տեղեկատվության փոխանակումը: ԵՄ-ն պատրաստ է աջակցություն ցուցաբերելու հարաբերությունների կարգավորման ուղղությամբ հնարավոր քայլերի իրականացման հարցում»:
ՆԱՏՕ-ն նույնպես ողջունել է հունվարի 14-ին Մոսկվայում Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացների հանդիպումը, թվիթերում գրել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան:
«ՆԱՏՕ-ն աջակցում է Երևանի և Անկարայի հարաբերությունների կարգավորմանը, ինչը կնպաստի տարածաշրջանում կայունության ապահովմանը»,- ընդգծել է Կոլոմինան: