Միացյալ Նահանգները և ՆԱՏՕ-ն պատրաստ են կրկին հանդիպելու Ռուսաստանի հետ և հավատարիմ են դիվանագիտության և փոխադարձ երկխոսության շարունակմանը: Այդ մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը՝ ամփոփելով պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հեռախոսազրույցը:
«Միացյալ Նահանգներն ու ՆԱՏՕ-ի իր դաշնակիցները միասնական են դիվանագիտական ճանապարհով առաջ ընթանալու հարցում»,- նշել է Փրայսը՝ կոչ անելով Ռուսաստանին՝ քայլեր ձեռնարկելու Ուկրաինայի հետ սահմանին լարվածության թուլացման ուղղությամբ:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի ներկայացուցիչների միջև խորհրդակցությունները տեղի են ունեցել հունվարի 10-ին՝ Ժնևում, իսկ հունվարի 12-ին Բրյուսելում տեղի է ունեցել Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստը: