Կարող ես դառնալ Կադդաֆիի դստեր ֆինանսական ֆոնդի ներկայացուցիչը Հայաստանում, անծանոթ մեծահարուստը քեզ ժառանգություն է թողնում կամ խոշոր շահում ես ունենում: Նման բովանդակությամբ նամակները հաճախ քաղաքացիները ստանում են մեյլով: Տեղեկատվական անվտանգության փորձագետը բացատրում է՝ դրանք միայն գումար շորթելու համար են:
Արթուր Պապյան (տեղեկատվական անվտանգության փորձագետ) - Մեյլն առհասարակ բավականին վտանգավոր համակարգ է, այսինքն՝ բաց պլատֆորմ է, ու ցանկացած մարդ կարող է մեյլ ուղարկել, դա նրանից զրո ջանք է պահանջում: Եթե ուղարկում ես 1 միլիոն նամակ, ու դրանց 100 հոգին արձագանքում է ու 10-ական դոլար է տալիս, ապա 1000 դոլար ես ստանում՝ ոչ մի ռեսուրս չօգտագործելով:
Նման բովանդակությամբ նամակներ ստանում են նույնիսկ բավականին պաշտպանված համարվող հարթակների օգտատերերը: Արթուր Պապյանի խոսքով՝ ամբողջ աշխարհի մեյլ թրաֆիկի 90 տոկոսը սպամ է:
Արթուր Պապյան - Նույն gmail-ը, որն ունի ամենահզոր սպամ ֆիլտրերն աշխարհում, Googl-ը, նաև տարբեր սպառնալիքների մասին տեղեկատվության տարածման համակարգերի միջոցով համակցված է մյուսների հետ, լավ աշխատում են ու փորձում սպառնալիքները չեզոքացնել, բայց ինչքանով անվտանգության մասնագետները փորձում են չեզոքացնել, նույն էֆեկտիվությամբ սպամերները փորձում են հաղթահարելու նոր տեխնոլոգիաներ մտածել:
Մասնագետը սպամ տարածողների ու անվտանգության մասնագետների պայքարը մրցավազքի հետ է համեմատում՝ մեկը պաշտպանության նոր մեխանիզմներ է մշակում, մյուսը՝ այն կոտրելու:
Արթուր Պապյան - Խնդիրն այն է, որ երբ իմեյլը ստեղծվում էր, որն ինտերնետի ամենահին հարթակներից է, մարդիկ երկու համակարգից նամակ էին ուղարկում, այնքան էին ուրախանում, որ տեխնիկապես ստացվել է, որ ստեղծելուց չեն մտածել անվտանգության մասին, քանի որ ուժերը միայն կենտրոնացնում էին, որ կապը հաստատեն, իսկ մեյլն ամենահին ու գրեթե չփոփոխված համակարգն է:
Աշխարհի խոշոր ընկերություններն ակտիվ պայքարում են սպամերների դեմ՝ արգելափակում են սպամ տարածող սերվերները, սակայն պաշտպանված լինելը, մասնագետի վատահեցմամբ՝ հենց օգտատերերի ձեռքին է:
Արթուր Պապյան - Ամենակարևորը՝ լինել մեդիագրագետ և անվտանգության տարրական սկզբունքներին տիրապետել, հասկանալ, որ ինտերնետում ձրի ոչինչի չեն բաժանում, ձրի պանիրը լինում է միայն թակարդում, ու տեսնել, եթե անծանոթ հղումներ կան, հորդորում են սեղմել ինչ-որ բան, լրացնել ինչ-որ մի տեղ ձեր տվյալները, ու դրանք անծանոթ հասցեից են, ապա որևէ դեպքում մի՛ վստահեք:
Եթե մեծանա մեդիագրագետ օգտատերերի մեծ մասը, ապա ինտերնետ հանցագործությունների թիվը կտրուկ կնվազի:
Հեղինակ՝ Անի Օհանյան