Կես ժամում հինգ խախտում: Ամանորից հետո համավարակի կանխարգելման կանոնները սկսել են չպահպանվել: Եզրահանգումը քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետներինն է:
Արման Քալաշյան (ՔՏՀԱՏՄ Երևանի տրանսպորտի անվտանգության բաժանմունքի գլխավոր մասնագետ) - Տոն օրերի հետ կապված՝ խախտումները շատանում են, իսկ եթե ուժեղացնում ենք ստուգայցերը Երևանի վարչական շրջաններում, այդ դեպքում ուղևորները և վարորդներն ավելի զգոն են լինում:
Գերբեռնված միկրոավտոբուսներ, առանց դիմակի ուղևորներ, ախտահանիչ հեղուկի բացակայություն: Բոլոր կանոնների խախտումներ արձանագրվեցին, նույնիսկ միկրոավտոբուսներից մեկի վարորդն ուղևոր էր տեղափոխում առանց վարորդական վկայականի:
Ուղևորներին իջեցնում էին նաև գերբեռնված միկրոավտոբուսներից: Խախտումներն արձանագրում են ոստիկանության, առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինների աշխատակիցները: Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ուժեղացված ստուգումները վերսկսել է հունվարի 10-ից:
Արման Քալաշյան - Խախտումներ արձանագրվել են թվով 20, վարորդների դիմակ չկրելու հետ կապված և մշտադիտարկում իրականացվել է՝ թվով 200:
Լինում են դեպքեր, երբ քաղաքացիները փորձում են տարբեր պատճառաբանություններով արդարացնել դիմակ չդնելը, նույնիսկ երբեմն փաստաթուղթ են ցույց տալիս:
Ինչ էլ լինի՝ կանոնները պետք է պահպանել՝ հորդորում են տեսչականների աշխատակիցները, վարակի դեպքերն ավելանում են: