Ռուսաստանն առաջարկում է Երևանի և Բաքվի միջև սահմանային տարաձայնությունները լուծել երկու երկրների միջև սահմանի սահմանազատման գործընթացի շրջանակում: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ 2021 թվականն ամփոփող ասուլիսի ժամանակ: Նրա խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացը երկկողմ հարց է և չի վերաբերում Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացին:
Սերգեյ Լավրով (ՌԴ ԱԳ նախարար) - Մենք հանդես ենք գալիս հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման շուտափույթ մեկնարկի օգտին: Մոսկվան առաջարկել է ստեղծել հատուկ հանձնաժողով և հանդես գալ որպես խորհրդատու՝ հաշվի առնելով, որ Ռուսաստանի գլխավոր շտաբը և մյուս կառույցները քարտեզներ ունեն, որտեղ արտացոլված են խորհրդային տարիների տարբեր փուլերում երկրների միջև սահմանների ձևավորումը և դրանց փոփոխությունները:
Լավրովը հայտնեց, որ նախօրեին այդ հարցի շուրջ շփվել է հայ գործընկերոջ՝ Արարատ Միրզոյանի հետ: Հայկական կողմը ներկայացրել է համապատասխան առաջարկներ, որոնք Մոսկվան կփոխանցի Ադրբեջանին: Հանձնաժողովի ձևավորման համար նախ պետք է պայմանավորվել պայմանների շուրջ։ Դրանք այժմ քննարկվում են, և, ըստ Լավրովի, կան տարաձայնություններ։
Ինչ վերաբերում է «3+3» տարածաշրջանային ձևաչափին, Լավրովն ընդգծեց՝ ռուսական կողմն անվերապահորեն աջակցում և ակտիվորեն մասնակցում է այդ հարթակի կայացման ջանքերին:
Սերգեյ Լավրով - Դրանք նպաստում են Հարավային Կովկասում իրավիճակի կայունացմանը: Նաև նպաստում են, որպեսզի դեռևս պահպանվող քաղաքական հակասությունները լուծվեն ավելի ակտիվորեն և արդյունավետ՝ ներառելով նաև տնտեսական համագործակցությունը տարածաշրջանի երեք երկրների և նրանց երեք մեծ հարևանների՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի միջև:
ՌԴ ԱԳ նախարարի խոսքով՝ տվյալ ձևաչափն ունի մեծ միավորող ներուժ և թե՛ նախապատրաստական քննարկումների, թե՛ Մոսկվայում կայացած առաջին հանդիպման ընթացքում Մոսկվան հանդես է եկել գործընթացում Վրաստանի ներգրավման օգտին: Վրացական կողմին տվյալ ձևաչափի օգտակարությունը բացատրելու խնդրանքով Մոսկվան արդեն դիմել է թուրքական և ադրբեջանական կողմին և կարծում է, որ Հայաստանը նույնպես կարող է որոշակի դերակատարում ունենալ:
Անդրադառնալով Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության մեկնարկին՝ Լավրովը հայտնեց, որ ռուսական կողմն աջակցել է հատուկ բանագնացների նշանակման վերաբերյալ պայմանավորվածության ձեռքբերմանը:
Սերգեյ Լավրով - Ուրախ ենք, որ այսօր առաջին հանդիպումն անցկացվում է Մոսկվայում: Մեր դերը կողմերի միջև անմիջական երկխոսության մեկնարկին աջակցելն է, հուսամ՝ դա կհաջողվի:
ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարի՝ 2021 թվականին ռուս դիվանագետների աշխատանքի արդյունքների վերաբերյալ մեծ ասուլիսն այս անգամ անսովոր, հիբրիդային ձևաչափով էր: ՌԴ գխավոր դիվանագետին տեղական և միջազգային լրագրողները հարցեր ուղղեցին և՛ առցանց, և՛ անձամբ։ Առյուծի բաժինը հասավ Ռուսաստան-ԱՄՆ-ՆԱՏՕ հարցերին, շեշտադրում արվեց նաև այս տարվա սկզբին Ղազախստանում տեղի ունեցած իրադարձությունների ու ՀԱՊԿ-ի խաղաղապահների մասնակցությանը: Մոսկվան արձանագրում է՝ ՀԱՊԿ-ը հաղթահարեց Ղազախստանում ահաբեկչական սպառնալիքը: Խաղաղապահ ուժերն ապացուցեցին իրենց գործունակությունն ամբողջ աշխարհին:
Ռուսական կողմը հույս է հայտնում, որ ՀԱՊԿ-ն այլևս ստիպված չի լինի կիրառել խաղաղապահ ուժեր, սակայն, Լավրովի կարծիքով՝ «վառոդը պետք է չոր պահել», քանի որ Կենտրոնական Ասիայում և այլ երկրներում իրավիճակը խարխլելու արտաքին ոտնձգությունները շարունակվում են: