Երրորդ Հանրապետության պատմության ամենախոշոր կաշառքի գործը շուտով կգնա դատարան: Խոսքը Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի կողմից 14 միլիոն դոլար ենթադրյալ կաշառք ստանալու, փողերի լվացման և պաշտոնեական դիրքը չարաշահելու մասին է:
Դեռևս 2015 թվականին Հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործն ընթացք ստացավ հեղափոխությունից հետո. բացի Արամ Հարությունյանից՝ ներգրավված են նախարարության ենթակայությամբ գործող ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Սուրեն Ավագյանը և Սևանի հոգեբուժարանի նախկին տնօրեն Գագիկ Կարապետյանը: Նրանք երեք տարի է հետախուզվում են:
Դավիթ Կոստանդյան, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննչական 2-րդ վարչության պետի տեղակալ - Քանի որ մեղադրյալները երեքն էլ թաքնվում են քննությունից և առկա են եղել նրանց նկատմամբ հեռակա վարույթ իրականացնելու հիմքերը, քրեական գործով կազմվել է մեղադրական եզրակացություն, որն ուղարկվել է դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Առաջին անգամ քրեական գործը դատարանում կքննվի առանց ամբաստանյալների ներկայության: Հետախուզվող մեղադրյալների վերաբերյալ քրեական գործերը՝ առանց նրանց ներկայության դատարանում քննելու օրենսդրական փոփոխությունն ուժի մեջ է մտել 2021 թվականի օգոստոսից:
Մինչ այդ 2 քրեական գործ արդեն անջատվել էր մայր գործից և ուղարկվել դատարան. դրանք Հարությունյանի մտերիմների՝ Արաքս Դիլանյանի, Վիկտոր Մարտիրոսյանի ու ԱԺ նախկին պատգամավոր Ալեքսան Պետրոսյանի վերաբերյալ գործերն են, որոնք այժմ դատաքննության փուլում են: Կաշառք տվողը գործարար Սիլվա Համբարձումյանն էր, որն էլ տարիներ անց հաղորդում էր ներկայացրել հանցագործության մասին: Ըստ մեղադրանքի` 2007թ. գործարարն առաջարկել է Հարությունյանին 14 միլիոն դոլար կաշառքի դիմաց Հայաստանի տարբեր մարզերում գտնվող հանքերի ուսումնասիրության լիցենզիաները փոխանցել իրեն:
Դավիթ Կոստանդյան - Արամ Հարությունյանը համաձայնել է, որից հետո Սիլվա Համբարձումյանն ուսումնասիրել է երկրաբանական ֆոնդում առկա տեղեկատվությունը, ընտրել է տասը հանքերևակումներ, սակայն պարզվել է, որ այդ ուսումնասիրության լիցենզիաների մի մասն արդեն իսկ տրամադրվել է մի քանի ընկերությունների:
Քննիչի խոսքով՝ Հարությունյանը կազմակերպել է աճուրդներ, սակայն դրանք ձևական են եղել, քանի որ մասնակցել են նրա փաստացի ղեկավարման ներքո գտնվող կազմակերպություններն ու Սիլվա Համբարձումյանը:
Դավիթ Կոստանդյան - Բնականաբար, հաղթող է ճանաչվել Սիլվա Համբարձումյանի ղեկավարած կազմակերպությունը և, արդյունքում, 2008 թվականի ընթացքում բոլոր հանքերևակման 10 հատուկ լիցենզիաներն անցել են Սիլվա Համբարձումյանի տրամադրության տակ:
Հարությունյանը Համբարձումյանից ստացել է 6 մլն դոլար կաշառք: Կաշառքի մյուս մասը`8 միլիոն դոլարը, գործարարը փոխանցել է Հարությունյանին օժանդակելու պատրաստակամություն հայտնած Արաքս Դիլանյանի` Աբու Դաբիի ազգային բանկում ունեցած հաշվեհամարին, որից հետո Դիլանյանը, գումարը մաս-մաս փոխանցել է Հարությունյանի մտերիմների՝ Գագիկ Կարապետյանի, Արմեն Խաչատրյանի և Վիկտոր Մարտիրոսյանի հաշվեհամարներին:
Դավիթ Կոստանդյան - Գագիկ Կարապետյանը և Արմեն Խաչատրյանը, կանխիկացումներ կատարելուց հետո, իրենց հաշվեհամարին մնացած ավելի քան 3 միլիոն ԱՄՆ դոլարը փոխանցել են արդեն Արամ Հարությունյանի և նրա կնոջ անունով բացված համատեղ հաշվեհամարին:
Քննությամբ պարզվել է, որ Հարությունյանը՝ իր մտերիմ Ալեքսան Պետրոսյանի միջոցով, լվացել է մոտ 3 միլիոն դոլար:
Դավիթ Կոստանդյան - Պետրոսյանը, որը նաև հանդիսանում է ՄԱՊ ընկերության սեփականատերը, համաձայնել է օժանդակել պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափի գումարն օրինականացնելու գործընթացին, և դեռևս 2009 թվականին ՄԱՊ ընկերության և բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված «Տառասկո Ինվեսթմենթ» ընկերության միջև կնքվել է 14 միլիոն դոլարի չափով անտոկոս փոխառության պայմանագիր: «Տառասկո Ինվեսթմենթ» ընկերության փաստացի սեփականատերն ու իրական շահառուն նույնպես հանդիսացել է Ալեքսան Պետրոսյանը:
Առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու, հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքն օրինականացնելու, պաշտոնեական դիրքը չարաշահելու համար մեղադրվող Արամ Հարությունյանի ու նրան ենթադրաբար օժանդակած Սուրեն Ավագյանի և Գագիկ Կարապետյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը, նրանց գտնվելու վայրը, սակայն, հայտնի չէ նախաքննական մարմնին:
Գագիկ Կարապետյանը մեղադրվում է նաև ապօրինի կերպով ՀՀ սահմանը հատելու համար: Ըստ քննիչի` նրա ելքը Հայաստանից չի արձանագրվել, բայց պարզվել է, որ 2018-ի նոյեմբերին նա Ռուսատանից մուտք է գործել Վրաստան, նույն օրը մեկնել Թուրքիա, հետո էլ ԱՄՆ:
Քրեական գործի շրջանակում մեղադրյալներին պատկանող՝ ընդհանուր 30 մլն դոլարի և գույքի վրա արգելանք է դրվել: «Լուրերը» փորձեց մեկնաբանություն ստանալ նաև պաշտպանական կողմից, սակայն մեզ փոխանցեցին՝ առաջիկայում հանդես կգան հայտարարությամբ:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան