Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի և դեսպան Սերդար Քըլըչի հանդիպման վերաբերյալ Թուրքիայի ԱԳՆ-ն հաղորդագրություն է տարածել: Անկարան նույնպես հանդիպումը գնահատել է դրական և կառուցողական: Թուրքական կողմի տարածած հաղորդագրության համաձայն՝ կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել լիարժեք կարգավորման նպատակով բանակցություններն առանց նախապայմանների:
Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպմանն է անդրադարձել Մոսկվան: Ռուսաստանի արտգործնախարարության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ կողմերը պատրաստակամություն են հայտնել կառուցողական, չքաղաքականացված երկխոսության մեջ մտնել և կենտրոնանալ գործնական արդյունքների վրա՝ «փոքր քայլերով» հեշտ հարցերից շարժվել դեպի բարդ խնդիրներ։ «Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել ընդհանուր եզրեր գտնել՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների, ի շահ տարածաշրջանի կայունության ու տնտեսական բարգավաճման»,- ասված է գերատեսչության հայտարարությունում։
*****
ԵՄ-ն լիովին աջակցում է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին: Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը ողջունել է Մոսկվայում Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպման մասին լուրը: «Հարաբերությունների կարգավորումը և հաղորդակցությունների բացումը կարևոր նպատակ է, որին Եվրամիությունը լիովին աջակցում է»,- Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Տոյվո Կլաարը: