Քաղաքացու բանկային քարտին՝ 124 775 դրամ. եկամտային հարկի վերադարձն է ֆինանսների նախարարությունից։ Հիփոթեքի մարմանն ուղղվող այդ գումարները պետությունն այս տարվանից հետ է տալիս միայն և միայն նրանց, ովքեր դիմումն on-line են գրել՝ էլեկտրոնային հատուկ հարթակով։ Առաջին հայտը ՊԵԿ-ում ստացել են տարվա երկրորդ աշխատանքային օրը։
Արմինե Հովսեփյան (ՀՀ ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչության պետ) - Դիմում ներկայացրել են ամսի 4-ին և գումարը ստացել 2 ժամում: Այս պահին ունենք 235 դիմում, իսկ գումարը արդեն ստացած՝ 166 շահառու:
Էլեկտրոնային դիմում գրելու համար նրանք, ովքեր պորտալում արդեն գրանցված են, պետք է մուտք գործեն եկամտային հարկի վերադարձի դիմումների գրանցամատյան էջն ու այնտեղ լրացնեն հաշվետու ժամանակաշրջանը, ընտրեն 2021 թվականի 4-րդ եռամսյակը։ Հայտը հնարավոր է ուղարկել միայն երբ կա և՛ վարկի տոկոսը, և՛ եկամտահարկի հաշվետվությունը։ Քանի որ դեռևս ոչ բոլոր բանկերն ու վարկային կազմակերպություններն են հասցրել ծրագիր ներբեռնել դեկտեմբերի հիփոթեքի տվյալները, ծրագիրը շատերի, նաև իր դիմումը դեռ չի ընդունում, բացատրում է բարեփոխումը ղեկավարող Արմինե Հովսեփյանը։
Արմինե Հովսեփյան - Դուք դեռ չե՞ք ստացել: Իմ դեպքում գործատուն եկամտահարկը վճարել է, բայց տոկոսագումարների վերաբերյալ տեղեկությունն առկա չէ, այսինքն՝ բանկը դեռ չի գրել, մոտ օրերս կներկայացնի:
Ի դեպ, այն, որ դեկտեմբերի աշխատավարձը մինչև Ամանոր եք ստացել, դեռ չի նշանակում, թե եկամտահարկն էլ բյուջե է հասել։ Այդ հաշվետվությունը կոլեկտիվի համար գործատուները կարող են հարկային ներկայացնել մինչև հաջորդ ամսվա՝ տվյալ դեպքում հունվարի 20-ը, սոցցանցում սկսված՝ հարցերին ի պատասխան՝ արձագանքում են ՊԵԿ-ում։ Մեր օպերատորի դեպքում, պարզվեց, սպասողական վիճակի պատճառը դա էր։
Եկամտային հարկի ու վարկի տոկոսի երկու կարևոր այդ թվերը հենց հայտնվեն՝ կմնա վանդակում նշելով համաձայնել, որ ծրագիրն ավտոմատ, Կենտրոնական բանկի բազայով ստուգի՝ նշված բանկային հաշվեհամարը արդյոք գործո՞ղ է և դիմումատուի՞ն է պատկանում։
Նոր համակարգով, նախկին շաբաթներով սպասելու փոխարեն, հիփոթեք ունեցողների եկամտահարկի գումարը վերադարձվում է դիմումից մի քանի ժամ հետո՝ նույն կամ հաջորդ օրը։ Առավելագույնը 3 աշխատանքային օր՝ խոստանում են ՊԵԿ-ից։ Տեղեկացնում․ այն դեպքերում, երբ բնակարանը մի քանի համավարկառու ունի, ծրագիրը սկզբում հետ է տալու դիմումն առաջինը ներկայացրած անձի փողը, ընդ որում՝ այնքան, որքան աշխատավարձը թույլ է տալիս: Այնպես որ՝ շահառուն եթե ուզում է, հայտը լրացնելիս ինքը պետք է ծրագրում խմբագրի այդ գումարը՝ հնարավորություն տալով, ասենք, ամուսինն էլ պետությունից մի քիչ եկամտահարկ հետ ստանա։ Պորտալը նաև թույլ է տալիս վճարումների հերթ սահմանել այն դեպքերում, երբ մի անձը մի քանի հիփոթեք ունի:
Արմինե Հովսեփյան - Շահառուներ, այո, շատ ունենք, որ մի քանի վարկային պայմանագրեր ունեն, այսինքն՝ մի քանի բնակարան են ձեռք բերել:
Դեկտեմբերի կեսին գործարկած ՊԵԿ-ի էլեկտրոնային հարթակին արդեն իսկ միացել է եկամտահարկը հիփոթեքի համար հետ ստացող շահառուների կեսից ավելին՝ 11 հազար անձ։ Նրանք, ովքեր դեռ չեն գրանցվել, Արմինե Հովսեփյանը հիշեցնում է․ մուտքանուն ու գաղտնաբառ ընտրելու հղումը կարող են ստանալ 3 տարբերակով՝ սպասարկման որևէ գրասենյակ այցելելով կամ դրանց էլեկտրոնային փոստին տվյալներն ուղարկելով։ Կամ էլ՝ ԷԿԵՆԳ-ից ստացած էլեկտրոնային ստորագրությամբ ներկայացված հայտով։ Որպեսզի եկամտահարկն այսուհետև էլ վերադարձվի, պետք է պարտադիր գրանցվել և անցնել on-line դիմումի։