Արտաշիսյան փողոցում դեռ թարմ են հունվարի 13-ի երեկոյան պատահարի հետքերը: Քննչական կոմիտեն հայտնում է՝ նախնական տվյալներով պարզվել է, որ 76-ամյա վարորդը, որի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված է եղել, իր «Opel» մակնիշի ավտոմեքենայով Երևանի Հովսեփյան փողոցում նախ բախվել է «Վազ-2101» մակնիշի ավտոմեքենային, որից հետո հասնելով Հովսեփյան-Արտաշիսյան փողոցների խաչմերուկ՝ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել 44/4 շենքին հարակից գազատար խողովակին, ինչի հետևանքով գազի արտահոսքից հրդեհ է բռնկվել: Նախնական կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարարական 4 մարտական հաշվարկ, այնուհետև ևս 4-ը:
Հրանտ Ճաղարյան, ԱԻՆ ՃԿԱԿ հերթափոխի պետ - 18.16-ին հրդեհի բարդության աստիճանը բարձրացվել է երրորդ աստիճանի, ներգրավվել է ևս 4 մարտական հաշվարկ և ավտոսանդուղք:
Հրդեհաշիջման աշխատանքնքների ընթացքում ԱԻՆ աշխատակիցները «Opel» մեքենայի հետևի նստատեղին հայտնաբերել են դեռևս անձը չպարզված մարդու դի: Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Հրանտ Ճաղարյան - Վարորդը 1945 թվականին ծնված տղամարդ է, 1-ին, 2-րդ, և 3-րդ աստիճանի այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, ստանում է ամբուլատոր բուժում:
Գազատարից բռնկված հրդեհը մարելու ընթացքում մարմնական վնասվածքներ է ստացել ԱԻՆ աշխատակից, տեղափոխվել հիվանդանոց, կյանքին վտանգ չի սպառնում: Հրդեհի պատճառով ջերմահարվել են Արտաշիսյան փողոցի շենքերի արտաքին հատվածները: Այրվել են 25 բնակարանների պատուհաններ, 9 պատշգամբում՝ կենցաղային իրեր:
Սեդա Կարապետյան, Շենգավիթ վարչական շրջանի սոցիալական ապահովության բաժնի առաջատար մասնագետ - Իրականացվում է կարիքի գնահատում՝ գույքի վնասի հետ կապված: Օպերատիվ աշխատանքներ են տարվում՝ փոխհատուցման հետ կապված:
Դեպքի առթիվ Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ, նշանակվել դատաբժշկական փորձաքննություն մահացած անձի ինքնությունը պարզելու նպատակով:
«Գազպրոմ Արմենիան» տեղեկացնում է՝ Շենգավիթ վարչական շրջանի Արտաշիսյան փողոցով անցնող գազատարի վթարավերականգնման աշխատանքներն ավարտվել են ժամը 18:00-ին, որից հետո սկսվել է գազաթողարկումը: