Որպեսզի դանակը ոսկորին չհասնի, ու մարդիկ ստիպված չլինեն վարկով կամ գույքը վաճառելով օգտվել բժշկական ծառայությունից, այլ ժամանակին կանխարգելեն հիվանդությունները, պետությունը նախատեսում է ներդնել առողջության համապարփակ ապահովագրության համակարգ: Նախագիծն այս տարի արդեն քննարկվել է Կառավարությունում. որոշ փոփոխություններ դեռ կարվեն:
Լենա Նանուշյան (առողջապահության նախարարի առաջին տեղակալ) - Մարդիկ ստիպված են լինում վճարել բավականին մեծ գումարներ, երբ իրենք հիվանդ են արդեն: Հայեցակարգում մենք առաջարկում ենք մոտեցումը փոխել, և մարդիկ արդեն կվճարեն կանխավճարի տեսքով, որոշակի համամասնությունով, ամիսների ընթացքում, որը նրանց հնարավորություն կտա գրեթե բոլոր բժշկական ծառայություններից օգտվել այն պահին, երբ դրա կարիքը կլինի՝ անվճար սկզբունքով, այսինքն՝ հիվանդության պահին նրանք կարող են այդ ծառայություններն անվճար ստանալ:
Փաթեթում ներառվելու են գրեթե բոլոր ծառայությունները՝ ամենածախսատար ու պահանջվածներից մինչև ատոմատոլոգիական որոշ ծառայություններ: Փոխարենն ընդգրկված չեն, օրինակ, պլաստիկ վիրահատությունները: Մշակվել է դեղորայքի փաթեթ. առողջության առաջնային պահպանման օղակում ընդգրկված խրոնիկ հիվանդություններ ունեցողները կարող են ստանալ հասանելիք դեղորայքը:
Լենա Նանուշյան - կենսաթոշակառուների, սոցիալական հատուկ խմբերի պատկանող անձանց, երեխաների հոգսը, մեր հաշվարկով, պետությունը վերցնելու է իր վրա: Աշխատողների համար վճարելու են և՛ աշխատողը, և՛ գործատուն՝ կանխավճարի տեսքով, ամսական որոշակի ապահովագրավճարի հատկացումների տեսքով:
Քաղաքացիներից շատերը կողմ են նախագծին՝ եթե ամսական հատկացումներն արվեն՝ հաշվի առնելով աշխատավարձի չափը:
Որքան ֆինանսական միջոցներ կհատկացնի պետությունը, և ապահովագրության համար քաղաքացիները որքան գումար կվճարեն՝ հաշվի առնելով նաև ծառայությունների գները՝ հարցը մանրամասն քննարկման փուլում է: Նախատեսվում է, որ կգործի տարբերակված մոտեցում՝ նվազագույն աշխատավարձ ստացողների և, օրինակ, 1 միլիոն ու ավելի դրամ ստացողների նկատմամբ:
Լենա Նանուշյան (առողջապահության նախարարի առաջին տեղակալ) - Մենք առաջարկ ունենք, որ նաև աշխատող մարդիկ կկարողանան իրենց ընտանիքի մեկ անձի, որը չի աշխատում, կենսաթոշակառու չէ կամ այլ խմբերի մեջ չի մտնում, ապահովագրել և, օրինակ, բարձր աշխատավարձ ստացողները կարող են անվճար ապահովագրել իրենց ընտանիքի անդամներին:
Գյուղացիական տնտեսությունների վերաբերյալ քննարկումներ ևս եղել են՝ միջազգային փորձը դիտարկելով:
Լենա Նանուշյան - Գյուղացիական տնտեսությունները նույնպես պետք է անպայման մասնակցեն, սակայն ոչ թե տոկոսային հարաբերությամբ, քանի որ աշխատավարձ չեն հայտարարագրում, այլ որոշակի եռամսյակը մեկ վճարվող տարբեր հարկերի հետ համատեղ վճարվող գումար, կամ տարվա ընթացքում 1 անգամ վճարվող, ինչը նույնպես քննարկում ենք:
Հիվանդությունները շուտ հայտնաբերելու և բուժելու համար կանխարգելիչ ծառայությունների փաթեթ ևս կգործի՝ բոլոր ապահովագրվածները յուրաքանչյուր տարի պետք է այդ ծառայություններից օգտվեն: Նախատեսվում է, որ մեր երկրում համընդհանուր պարտադիր առողջության ապահովագրության համակարգը կներդրվի 2023 թվականին: