ԵԱՀԿ-ն պետք է ուժեղացնի ջանքերը՝ ուղղված Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանը՝ 2022 թվականին ԵԱՀԿ-ում Լեհաստանի նախագահության առաջնահերթությունները ներկայացնելիս նշել է ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաուն: «Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ ռազմական գործողությունների դադարեցումից հետո մենք պետք է վերականգնենք և ուժեղացնենք մեր ջանքերը՝ ուղղված կայուն խաղաղության հաստատմանը և տարածաշրջանի զարգացմանը»,- հայտարարեց Ռաուն: Նա նշել է, որ Լեհաստանի նախագահությունը հատուկ ուշադրություն կդարձնի ԵԱՀԿ տարածքում անվտանգության իրավիճակի բարելավմանը, հատկապես նպաստելով տարածաշրջանային և ձգձգվող հակամարտությունների խաղաղ լուծումներ գտնելուն։ Զբիգնև Ռաուն նաև հայտարարել է, որ ԵԱՀԿ-ում իրենց նախագահության ընթացքում առաջնահերթ է լինելու հակամարտությունից տուժած տարածքներում հասարակություններին, մասնավորապես հատուկ ուշադրության կարիք ունեցող խոցելի խմբերին աջակցության ցուցաբերումը:
Եվրամիությունը 15-րդ անգամ երկարաձգել է Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները: Դրանք սահմանվել էին 2014 թվականի հուլիսին «Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը խաթարող գործողությունների համար»։ Ռուսաստանի տնտեսության որոշ ճյուղերի նկատմամբ սահմանված պատժամիջոցները երկարաձգվել են մինչև 2022 թվականի հուլիսի 31-ը: ԵՄ Խորհրդի որոշումը հիմնված է 2021 թվականի դեկտեմբերի 16-ին Եվրոպական խորհրդի նիստում Մինսկի պայմանավորվածությունների կատարման վերջին գնահատականների վրա։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ դաշինքը պատրաստ է աջակցել Ուկրաինային սահմանին իրավիճակի սրման դեպքում: Յենս Ստոլտենբերգը, սակայն հավելել է, որ բոլոր դաշնակիցներին պաշտպանելու պարտավորությունը վերաբերում է միայն դաշնակիցներին: «Ուկրաինան շատ արժեքավոր գործընկեր է. մենք օգնում ենք նրան ինքնապաշտպանության հիմնարար իրավունքի մասով՝ մասնավորապես, ԱՄՆ, Մեծ Բրիտանիան և Թուրքիան աջակցում են սարքավորումների և ուսուցման հարցում:
Ղազախստանում շարունակում են բերման ենթարկել օրեր առաջ տեղի ունեցած անկարգությունների մասնակիցներին: Միայն Ալմաթիում մեկ օրում ավելի քան 2100 մարդ է բերման ենթարկվել։ Կասկածյալները մասնակցել են անօրինական ակցիաներին, թալանին և կատարել են այլ հանցագործություններ։ Առգրավվել է 67 միավոր հրազեն, 3112 զինամթերք։ Ալմաթիում արտակարգ դրության ռեժիմը դեռ պահպանվում է: Մինչև օրս բերման է ենթարկվել մոտ 10 000 մարդ:
Պատժամիջոցների ազդեցության չեզոքացմանն ուղղված ջանքերը Իրանի կառավարության օրակարգում են՝ հայտարարել է Իրանի նախագահը: Սեյեդ Էբրահիմ Ռայիսին նշել է, որ կշարունակեն նույն օրակարգով մինչև պարզ դառնա բանակցությունների արդյունավետությունը: Ռայիսին հավելել է. «Պատժամիջոցների պայմաններում մեր նավթի վաճառքն այնքան է աճել, որ մենք այլևս անհանգստանալու կարիք չունենք, և դրանից ստացված եկամուտը մտնում է երկիր»,- հավելել է Իրանի նախագահը: