Իրանում ծնված, Կանադայում մեծացած Սիսիանն այսպես է ներկայանում օտարերկրացիներին: 3 տարի առաջ որոշել է՝ պետք է ապրի և աշխատի հայրենիքում:
Սիսիան Պողոսյան («իԳործ» ծրագրի մասնակից) - 6-րդ անգամ է, որ եկել եմ Հայաստան, առաջին անգամ, որ եկել եմ, 2008 թվին է եղել, բայց ամեն անգամ, որ եկել եմ, ուրիշ ձև եմ տեսել Հայաստանը, ամեն անգամ, որ եկել եմ, ուրիշ բան եմ տեսել, սիրել: Ամեն անգամ մի բան կա, որ ինձ միշտ հետ է բերում Հայաստան:
«Իգործ» ծրագրի միջոցով Սիսիանն աշխատանքի է անցել Զբոսաշրջության կոմիտեում: Ընգծում է՝ զբոսաշրջիկների համար Հայաստանում տեսնելու շատ բան կա: Այդ մասին պատմել է նաև իր օտարերկրացի ընկերներին:
Սիսիան Պողոսյան - Մեր երկիրը շատ ուժեղ մշակույթ ունի, որ մենք բոլորս էլ գիտենք լավ, բայց շատ լավ խոհանոց ունենք, համեղ գինիներ, մենք արդեն տուրիզմի ոլորտում աշխատում ենք զարգացնել արկածային տուրիզմը: Այսինքն՝ մանավանդ ամառվա ժամանակ, ձմեռվան էլ կարող են գալ, օրինակ, Ծաղկաձոր: Շատ բան կա անելու, բայց ամռանը զիփլայն, լեռնագնացություն, շատ բան կա, որ կարող են գալ և փորձել Հայաստանում:
Երիտասարդ մասնագետը Հայաստան է եկել միայնակ, բայց նշում է՝ ընտանիքը ևս հայրենադարձվելու ծրագրեր ունի: Սիսիանը վերադարձի կոչ է անում նաև իր մյուս հայրենակիցներին:
Սիսիան Պողոսյան - Ինձ համար շատ հետաքրքիր է, որ սփյուռքի շատ հայեր վերադառնում են Հայաստան, տարբեր ոլորտների հետ աշխատում են. շատ ուրախանում եմ, որ տեսնում եմ դա:
Ապրելու և աշխատելու նպատակով Հայաստան է վերադարձել նաև Հայկը: Երևանում ծնվելուց հետո, 4 տարեկանից ապրելով Մոսկվայում, արդեն 29-ամյա երիտասարդը հայերեն վարժ է խոսում, խոստովանում է՝ դեռևս կաղում է միայն գրել-կարդալուց:
Հայկ Հովհաննիսյան («իԳործ» ծրագրի մասնակից) - Մոսկվայում ապրելով՝ ես միշտ երազել եմ Հայաստան վերադառնալ ու քանի որ այնտեղ հայկական շրջապատում եմ հաճախ ժամանակ անցկացրել, սփյուռքի հարցերով եմ զբաղվել, իմ ընտանիքում միշտ մենք հայերեն ենք խոսել, լեզվի խնդիր ընդհանրապես չենք ունեցել, մտածելակերպն էլ այստեղ բնակիչների՝ ինձ բավականին մոտ էր:
Հայկի աշխատավայրը Սփյուռքի հարցերի գլխավոր հանձնակատարի գրասենյակն է: Այս տարվա սկզբից զբաղվում է ռուսախոս հայ համայնքների հետ տարվող աշխատանքով:
Հայկ Հովհաննիսյան - Կապը Հայաստանի և սփյուռքի միջև պետք է ամրապնդել, դրանով եմ զբաղվելու:
Հայրենադարձված երիտասարդը եկել է թարմ գաղափարներով ու նպատակներով: Վստահ է՝ շատ հարցերում իրեն կօգնի նաև սփյուռքահայի աչքով նայելու հնարավորությունը:
Հայկ Հովհաննիսյան - Շատ հարցեր կան, որոնք, կարծում եմ, միայն Հայաստանում ապրող մարդը կարող է չնկատել ուղղակի. համեմատությունների մեջ է շատ բաներ երևում: Այդ խնդիրները փորձելու ենք լուծել, ես էլ իմ աշխատանքով, իմ գիտելիքներով այդ ներդրումը փորձելու եմ անել»:
Սփյուռքի հարցերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի «Իգործ» ծրագրի հերթական փուլը մեկնարկել է 2021 թվականի սեպտեմբերին: 12 ամսով Հայաստանում աշխատելու հնարավորություն է ստացել 50 սփյուռքահայ:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան