Մեծ մամուլի ասուլիսի ժամանակ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն անդրադարձել է անվտանգության երաշխիքների խնդրի վերաբերյալ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ բանակցություններին: Ռուսաստանի արտգործնախարարը հայտարարել է, որ անվտանգության առաջարկի շուրջ համաձայնության հասնելու հեռանկարները կախված են ԱՄՆ-ից՝ գրում է РИА Новости-ն:
«Հիմքեր կան ենթադրելու, որ ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն հասկացել են, որ պետք է արագ և հստակ պատասխանեն անվտանգության երաշխիքների վերաբերյալ Ռուսաստանի առաջարկներին»,-ասել է Լավրովը և հավելել. «Անվտանգության երաշխիքների վերաբերյալ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի պատասխաններին սպասելով՝ Ռուսաստանը նաև պատրաստվում է իրադարձությունների ցանկացած զարգացման»:
Արտգործնախարարը համոզված է, որ եթե կա բարի կամք, փոխզիջման պատրաստակամություն, ապա միշտ էլ կարելի է գտնել փոխընդունելի լուծումներ:
Նախարարի խոսքով՝ պատասխանները պետք է գրավոր լինեն։
Միացյալ Նահանգների և ՆԱՏՕ-ի հետ անվտանգության երաշխիքների վերաբերյալ համաձայնագրերում Մոսկվան իր արևմտյան գործընկերներից պահանջում է հրաժարվել դեպի արևելք ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնումից, դաշինքին Ուկրաինայի անդամակցությունից և հետխորհրդային երկրներում ռազմաբազաներ հիմնելուց: