Ազգային անվտանգության ծառայությունը միջոցներ է ձեռնարկում մոլորվելու հետևանքով Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ հայտնված Արցախի քաղաքացուն վերադարձնելու ուղղությամբ:
Այսօր՝ ժամը 15։30-ին, Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը հաղորդվել էր Բերձոր քաղաքի՝ 1953 թ. ծնված բնակիչ Անդրանիկ Հրանտի Ալեքսանյանի անհայտ կորելու մասին:
Ահազանգի հիման վրա ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Արցախի հիշյալ քաղաքացին ժամը 15։00-ի սահմաններում Բերձոր քաղաքի մոտակայքում մոլորվելու հետևանքով հայտնվել է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում և վերջիններիս կողմից վերցվել արգելանքի:
Դեպքի մասին անմիջապես հաղորդվել է ռուս խաղաղապահներին, ովքեր պարզել ու հավաստիացել են մեր քաղաքացու անվտանգության մեջ: Այս պահին բանակցություններ են ընթանում Արցախի Հանրապետության քաղաքացուն հայկական կողմին վերադարձնելու ուղղությամբ: