Հունվարի 15-ից մեկնարկում է ինքնակամ կառուցված շինությունների հաշվառման գործընթացը: Կարևոր է հիշել, սակայն, որ 2021-ին կառուցված շենք-շինությունները հաշվառելու համար տրվել է ընդամենը 2 ամիս ժամանակ՝ մինչև մարտի կեսը: Ավելի վաղ կառուցվածների համար ժամկետներն ավելի ճկուն են՝ Երևանում մինչև 2023-ի հունվարի 1, այլ քաղաքաներում՝ մինչև 2024-ի հունվարի 1, մյուս բոլոր բնակավայրերում՝ մինչև 2025-ի հունվարի 1-ը: Հաշվառման կարգը կադաստրի կոմիտեն արդեն մշակել է:
Գևորգ Մանուկյան (Կադաստրի կոմիտեի գոեդեզիայի և հողաշինարարության վարչության պետ) - Հաշվառման գործընթացն իրականացնելու համար պատվիրատուն, որը կարող է լինել և՛ ֆիզիկական անձ, և՛ իրավաբանական անձ, ՏԻՄ կամ պետություն, դիմում են որակավորված մասնագետների, ովքեր իրականացնելու են հաշվառման, չափագրման աշխատանքները:
Որակավորում ունեցող անձինք իրականացնում են գեոդեզիական չափագրում: Այդ մասնագետներին կարելի է փնտրել ու գտնել համացանցում: Հենց նրանք կչափագրեն շինությունը, կնկարահանեն 4-6 լուսանկար, տվյալների ամբողջական փաթեթը կհամաձայնեցնեն պատվիրատուի հետ, ապա կկնքեն երկկողմ համաձայնագիր ու տվյալները կմուտքագերն կադաստրի կոմիտեի ստեղծած՝ չափագրողների առցանց հարթակ:
Գևորգ Մանուկյան - Հարթակում մուտքագրվելուց հետո հաստատվում է վերջնական փաթեթը, և պատվիրատուն «ՍՄՍ» հաղորդագրության միջոցով ստանում է ծանուցում՝ ինքնակամ կառույցի հաշվառման վերաբերյալ, որում նշված է լինում հաշվառման փաթեթի ծածկագիրը:
Այս ծածկագիրը քաղաքացին հետագայում պետք է տրամադրի Տեղական ինքնակառավարման մարմնին, որպեսզի հնարավոր լինի սկսել օրինականացման գործընթացը: Այլ կերպ ասած, եթե շինությունը հաշվառված չէ, օրինականացման մասին խոսք լինել չի կարող: Ի դեպ՝ չափագրման տվյալների մուտքագրումից հետո այն փոփոխել հնարավոր չէ:
Գևորգ Մանուկյան - Օրենքի նպատակն է վերջ դնել հանրապետությունում ինքնակամ կառույցների այս շարունակական տևող պրոցեսին, որ քաղաքացիները գիտակցեն, որ 2022 թվականից սկսած՝ ինքնակամ շինությունների կառուցումով հետագայում հնարավորություն չեն ունենալու օրինականացնել այն:
Կադաստրի կոմիտեում պահպանված են նախորդ տարի արված լուսանկարներ, որով պարզ է դառնում, թե որ շինություններն են կառուցվել մինչև 2021-ը: Սա՝ հաշվառման մասին, բայց այս գործընթացը միայն առաջին քայլն է դեպի օրինականացում: Հաշվառված գույքը օրինական դաշտ բերելու համար քաղաքացին պետք է դիմի համայնքին, որի կայացրած որոշումներն էլ վերահսկում է քաղաքաշինության տեսչական մարմինը:
Արտաշես Սարգսյան (ՔՏՀԱՏՄ քաղաքաշինական գործունեության վերահսկողության վարչության պետ) - Եթե համայնքի ղեկավարը որոշում չի կայացնում, արդեն տեսչական մարմինը կազմում է վարչական ակտ, որով համայնքի ղեկավարին տալիս է պարտադիր կատարման ցուցում և սեղմ ժամկետ՝ հետևանքները վերացնելու կամ որոշում կայացնելու համար: Եթե համայնքի ղեկավարը չի իրականացնում իր պարտականությունները, տեսչական մարմնի ղեկավարի կողմից կայացվում է քանդման որոշում և ուղարկվում է հարկադիր կատարման:
Եթե համայնքի ղեկավարի արարքներում անգործություն է նկատվում, տեսչականը վարչական պատասխանատվություն կկիրառի և համայնքի ղեկավարին կտուգանի 2-2.5 մլն դրամով: Համայնքապետն ունի որոշման 2 տարբերակ. կա՛մ չի օրինականացնում շինությունը և քանդման որոշում է կայացնում, կա՛մ օրինականացնում է, ինչի համար արդեն շինությունը պետք է համապատասխանի որոշ նորմերի:
Արտաշես Սարգսյան - Կառուցված շինությունը պետք է համապատասխանի քաղաքաշինության ոլորտի իրավական ակտերի պահանջներին, այսինքն՝ առաջին հերթին միջտարածությունները՝ հրդեհային և քաղաքաշինական միջտարածությունները, լուսավորության հետ խնդիրները, ինսալիացիայի հետ կապված, պիտի լինի նորմաներին համապատասխան:
Ամենատարածված ինքնակամները ավտոտնակներն են, տաղավարները և այլ հասարակական սպասարկման օբյեկտները, նաև պատշգամբներն ու շինությունների կցորդները: Պատասխանատուները հիշեցնում են՝ օրենքի այս փոփոխությունը չի նշանակում, որ բոլոր ինքնակամ կառուցված շինություններն օրինականացվելու են. որոշումներն օրենքի սահմաններում պետք է լինեն: Հիմա էլ ՏԻՄ-երն ու տեսչական մարմինը մշտադիրտարկումներ են իրականացնում, որ հանրապետության տարածքում նոր ու անօրինական շենք-շինություններ չհայտնվեն. այս տարվանից սկսած՝ նոր կառույցները չեն օրինականացվելու: 2021-ին, օրինակ, քաղաքաշինության տեսչական մարմինը 700-ից ավելի դիմում-բողոք է ստացել՝ շինարարական նորմերի խախտումների ու ինքնակամ կառույցների վերաբերյալ: Նման շինությունների ճակատագիրը հիմնականում եղել է քանդումը: