ՊԵՏՔ Է ԱՄԵՆ ԻՆՉ ԱՆԵԼ, ՈՐ ՁԵՎԱՎՈՐՎԻ ԿԱՅՈՒՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳ ՄԻՋԱՎԱՅՐ
Հայաստանի Կառավարությունը հետևողականորեն առաջ է մղելու Հայաստանի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու օրակարգը՝ հայտարարեց վարչապետը, անդրադարձավ սահմանային վերջին միջադեպերին:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Ցավոք սրտի, մենք շարունակում ենք միջադեպեր և զոհեր ունենալ սահմանին: Մեր քաղաքականությունը մենք հռչակել ենք. ես ասել եմ՝ առաջին խնդիրներից մեկը մեր երկրի պաշտպանունակությունը շարունակաբար բարձրացնելն է, մեր երկրի և տարածաշրջանի համար մեր հռչակած խաղաղ զարգացման օրակարգ բացելու համար մեզ ամուր նյարդեր են հարկավոր, շատերն անընդհատ փորձելու են ապացուցել, ցույց տալ, մեզ մղել այն մտքին, որ դա հնարավոր չէ:
Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ պետք է ամեն ինչ անել Հայաստանի շուրջը կայուն և անվտանգ միջավայր ձևավորելու համար:
Նիկոլ Փաշինյան - Սա մեր քաղաքական ամենակարևոր անելիքն է, առավել ևս՝ 2020-ի պատերազմից և 2021-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո: Մենք այս օրակարգը հետևողականորեն առաջ ենք մղելու:
ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԿԸՆԴԼԱՅՆՎԻ
Գործադիրը կընդլայնի մարտական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողների ծնողներին վերարտադրողական բուժօգնության ծրագիրը: Գործող կարգավորմամբ՝ նրանց տրամադրվում են արտոնյալ, անվճար ծառայություններից օգտվելու որոշակի հնարավորություններ, որոնք, սակայն, ամբողջությամբ չեն փոխհատուցում ծախսերը:
Նարեկ Մկրտչյան (ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար) - Օրինակ` չեն ծածկում փոխնակ մոր ծառայությունների, դոնորական ծառայությունների ծախսերը: Նշված ծառայությունների վերին շեմի կիրարկմամբ ծախսերը կիրականացնի պետությունը, փոխնակ մայրերի 100 տոկոսի չափով և դոնորական՝ 100 տոկոս, բայց ոչ ավելի, քան 600 հազար դրամը:
Նիկոլ Փաշինյան - Հարցին անդրադարձել եմ ամանորյա ուղերձի ընթացքում, պարզ հարց չի, էթիկական, այս որոշումներին մոտեցել ենք փուլ առ փուլ, մեր զոհված զինծառայողների ծնողների հետ շփումների արդյունքում որոշումը կայացրել ենք այն ժամանակ, երբ համոզվել ենք, որ իրենք են նախաձեռնողը, շահառու, ակնկալում, որ լուծի կառավարությունը:
Առողջապահության նախարարը նշեց, որ պատերազմում զինվոր կորցրած 27 մայր երեխայի է սպասում. ունեն ծրագրին մասնակցելու ևս 35 դիմում:
Անահիտ Ավանեսյան (ՀՀ առողջապահության նախարար) - Վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների ներառումը պետբյուջեի շրջանակում, մյուսների հետ 2021-ին ունենք 76 բալիկ ծնված, 211 հղիություն:
Նիկոլ Փաշինյան - 2021-ի ընթացքում զոհված զինծառայողների 70-ից ավելի ընտանիքում երեխաներ են ծնվել, սա շատ խորհրդանշական, արժեքային, գաղափարական նշանակություն ունեցող փաստ է, խոնարհումը, հարգանքի տուրքը, ովքեր նման որոշում են կայացրել:
ԱՎԵԼԱՑՎԵԼ Է ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ
Կառավարությունը սուբվենցիոն ծրագրերով ավելացնում է սահմանամերձ համայնքների ֆինանսավորումը: Նախադպրոցական հաստատությունների կառուցմանը նոր թափ հաղորդելու համար առաջարկվում է մեծացնել աջակցությունը. համաֆինանսավորման նվազագույն շեմը սահմանվում է 70 տոկոս: Սահմանամերձ ու բարձրլեռնային շրջաններում նախատեսվում է մինչև 80 տոկոս Կառավարության մասնակցություն: Վարչապետը հիշեցրեց՝ առաջիկա 5 տարում մտադիր են կառուցել 500 մանկապարտեզ, և փոփոխությունները դրանով են պայմանավորված:
Սուբվենցիոն ծրագրերում կներառվեն հեռագնա արոտավայրերի ճանապարհների նորոգումը, ապաստարանների կառուցումը: Կառավարությունը կմեծացնի աջակցության չափը այն ծրագրերում, որոնց համար համայնքներն ամենաշատն են դիմում:
Գնել Սանոսյան (ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար) - Մի շարք բնակավայրերում բացակայում է գերարագ ինտերնետը, ուզում ենք մտցնել կապուղու կառուցման նոր ուղղություն՝ առաջարկելով, որ Կառավարությունը մասնակցություն ունենա կառուցմանը:
Նիկոլ Փաշինյան - Սա այն դեպքն է, որ պետք է պայմանը խմբագրենք, որ սուբվենցիան լինի եռակողմ: Մասնակցում է համայնքը, մասնակցում է Կառավարությունը և մասնակցությունը հեռահաղորդակցության ոլորտի ընկերություն մասնավորի:
Մհեր Գրիգորյան (ՀՀ փոխվարչապետ) - Գուցե խտությունը, շուկայական տրամաբանությունը ծառայություն մատուցելու էդքան էլ հրապուրիչ չի, բայց կարող ենք որպես ենթակառուցվածք տրասան ունենալ, որ վաղը հնարավորություն լինի մալուխը անցկացնելու ցածր ինքնարժեքով, եթե ճանապարհ ենք կառուցում, խնդիրը լուծենք, որպես շինարարական ստանդարտ:
Հայաստանում ինտերնետի հասանելիությունը
Սուբվենցիոն ծրագրով Կառավարության համաֆինանսավորումը 55 տոկոս է: Քննարկվող հարցը վարչապետը կարևորեց տարածքային համաչափ, նաև տնտեսական զարգացման տեսանկյունից: IT-ն ամենազարգացող ճյուղերից է: Խնդրի կարգավորումը կկանխի այդ նպատակով մարզերից Երևան միգրացիան:
Նիկոլ Փաշինյան - Ինտերնետի հասանելիությունն ապահովելով՝ մենք հնարավորություն ենք ստեղծում, որ մարզում նույնպես բարձր վճարվող աշխատանքի առաջարկ ձևավորվի:
Կկատարվի սուբվենցիոն ծրագրերի մոնիթորինգ՝ հասկանալու՝ ներդրումները որքանո՛վ են արդյունավետ իրականացվել: Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ ընդգծեց, որ անհրաժեշտ է այդ ծրագրերը հնարավորինս արագ քննարկել՝ շինարարության սեզոնի մեկնարկին դրանք սկսելու համար: Կպարզեցվի փոքր ու միջին ձեռնարկությունների գործունեության ընթացքում ապրանքների արտահանման գործընթացը: Գործադիրը քննարկեց «Պետտուրքի մասին» օրենքի նախագիծը:
Վահան Քերոբյան (ՀՀ էկոնոմիկայի նախարար) - Փոփոխություն ենք անում, որ մինչև 1 միլիոնի ապրանքների արտահանումը մաքսատուրքից ազատվի: Սա պետության վրա կնստի տարեկան 100 միլիոն դրամ, բայց տնտեսական էֆեկտը լինելու է մեծ:
Գործադիրըը որդեգրել է արտահանմանը միտված տնտեսությունը զարգացնելու քաղաքականություն՝ նշեց վարչապետը՝ անհրաժեշտ համարելով նաև խոշոր տնտեսվարողների խրախուսումը: «Ամեն ինչ պետք է անենք, որ արտահանողի առաջ քիչ խոչընդոտ լինի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Կառավարության նիստում երկու մարզպետ նշանակվեց: Արագածոտնի նոր ղեկավարը Սերգեյ Մովսիսյանն է, Արարատինը՝ Սեդրակ Թևոնյանը: