Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր երկարատև դադարից հետո շարունակվել է Սերժ Սարգսյանի, Բարսեղ Բեգլարյանի և մյուսների գործով դատական նիստը: Գործում առկա փաստաթղթերի ուսումնասիրության ընթացքում մեղադրող դատախազը հայտարարել է՝ հաստատվել է, որ դիզվառելիքի մատակարարման գործընթացում տեղի են ունեցել հափշտակություններ, որոնց մասնակցել են «Ֆլեշ» ընկերության ներկայացուցիչները:
Նրա խոսքով, քանի որ «Ֆլեշ» ընկերությունը պատշաճ չէր իրականացրել մատակարարումը, որևէ ողջամիտ հիմք չկար նորից նույն ընկերությանն ընդգրկել այդ մատակարարման ծրագրում: Դատախազի այս հայտարարությունից հետո Բարսեղ Բեգլարյանն ու Սերժ Սարգսյանը վրդովվել են: Սարգսյանը հայտարարել է, որ գործը քաղաքական պատվեր է, դատախազն էլ պնդել է, որ մաքուր իրավական գործընթաց է:
Դատական հաջորդ նիստը տեղի կունենա փետրվարի 3-ին: Սերժ Սարգսյանը մեղադրվում է պետական բյուջեից մոտ կես միլիարդ դրամի հափշտակություն կազմակերպելու, իսկ Բարսեղ Բեգլարյանը՝ պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափի գումարի հափշտակության կատարմանը դրդելու համար: Գործով անցնում է նաև գյուղնախարարության վարչության նախկին պետ Գևորգ Հարությունյանը, մյուս 2 ամբաստանյալները` նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանն ու փոխնախարար Սամվել Գալստյանը, քննության ընթացքում մահացել են: