Սրճարանի մենեջերը ծանոթանում է ստուգայց իրականացնելու հրամանին, ստորագրում, և սկսվում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հերթական այցը: Տեսուչները նախ ստուգում են սպիրտային լուծույթների առկայությունն ու ախտահանման գրանցամատյանը:
Հայկ Մայիլյան, ՍԱՏՄ Երևանի կենտրոնի գլխավոր տեսուչ - Գրանցամատյանը վարել են ճիշտ, ախտահանությունն իրականացնում են 75 %-անոց սպիրտային լուծույթով, հատակը՝ ժավելով:
Ուշադրության կենտրոնում են նաև կորոնավիրուսի դեմ պատվաստման հավաստագրերը: 24 հոգանոց անձնակազմում բոլորը պատվաստված են, QR կոդերն ու փաստաթղթերը՝ տեղում: Դիմակների կրման կանոնները ևս պահպանվում են՝ արձանագրում են տեսուչները:
Հայկ Մայիլյան - Աշխատակիցները դիմակով են, դիմակների համար նախատեսված հատուկ աղբամաններ ունեն բոլոր նախատեսված վայրերում: Խախտումներ չենք արձանագրում:
Սրճարանի մենեջերը նշում է՝ առաջին անգամը չէ, որ իրենց մոտ ստուգայց է իրականացվում, խախտման արձանագրություն երբևէ չի կազմվել:
Տարվա սկզբից մինչև օրս Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն իրականացրել է 120 ստուգայց, կազմել 4 արձանագրություն:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան