Կառավարության որոշմամբ Սերգեյ Մովսիսյանը նշանակվեց Արագածոտնի մարզպետ:
Մովսիսյանն Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր էր: Հունվարի 4-ին Սերգեյ Մովսիսյանը և նույն խմբակցությունից Սեդրակ Թևոնյանը մանդատները վայր էին դրել:
Կառավարության մեկ այլ որոշմամբ՝ Ռազմիկ Պետրոսյանն ազատվել էր Արագածոտնի մարզպետի պաշտոնից:
«Մեծարգո՛ վարչապետ, ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ վստահության համար և վստահեցնում եմ Ձեզ, որ անելու եմ ամեն ինչ, որպեսզի արդարացնեմ Ձեր և մեր Արագածոտնի ժողովրդի սպասելիքները»,- ասաց նորանշանակ մարզպետը:
Ավելի ուշ՝ լրագրողների հետ ճեպազրույցում, Սերգեյ Մովսիսյանը նշեց. «Մարզի խնդիրներին ծանոթ եմ, որովհետև ծնվել եմ, ապրել եմ Արագածոտնի մարզում. բոլոր խնդիրներին տեղյակ եմ. նաև լինելով օրենսդիր մարմնում՝ հենց առաջին ձեռքից՝ ժողովրդից, տեղյակ եմ բոլոր խնդիրներին և հենց այսօրվանից զբաղվելու եմ խնդիրների լուծմամբ»:
Նա ավելացրեց. «Բոլոր ընտրված համայնքի ղեկավարների հետ լինելու է աշխատանքային պրոցես, աշխատանքային մթնոլորտ, և ծառայում ենք հանուն Արագածոտնի մարզի»: