Տարածարջանում բացասական միտումները բեկելու և Ռուսաստան-ՆԱՏՕ հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու նպատակով ռուսական պատվիրակությունը Դաշինքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը պահանջել է ամուր իրավական երաշխիքներ, որոնք կբացառեն ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնումը և սպառազինության հարվածային համակարգերի տեղակայումը Ռուսաստանի հետ սահմանակից երկրներում:
Այս մասին նշված է Բրյուսելում հունվարի 12-ին կայացած Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստի վերաբերյալ ՌԴ արտգործնախարարության տարածած հաղորդագրության մեջ:
«Բանակցությունների ընթացքում ռուսական կողմը ծավալուն գնահատականներ է տվել եվրոպական անվտանգության շուրջ տիրող անհանդուրժելի իրավիճակին, որը պայմանավորված է Ռուսաստանի Դաշնության նկատմամբ ՆԱՏՕ-ի առճակատման գործողություններով: Նշվել է ՌԴ սահմանների մոտ ՆԱՏՕ-ի աճող ակտիվության վտանգի մասին»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ռուսական կողմը նաև պարզաբանել է 2021 թ. դեկտեմբերի 16-ին Դաշինքի անդամներին փոխանցված՝ ՌԴ-ի և ՆԱՏՕ-ի միջև առաջարկվող համաձայնագրի նախագիծը:
ՆԱՏՕ-ի հետ բանակցություններում ռուսական պատվիրակությունը գլխավորել են արտգործնախարարի տեղակալ Ալեքսանդր Գրուշկոն և պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Ֆոմինը:
Բանակցությունների ավարտին Գրուշկոն հանդես է եկել մամուլի ասուլիսով: Նա հայտարարել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի ընդլայնման գործընթացն անընդունելի ռիսկեր է պարունակում, որոնց Մոսկվան հակազդելու է։
«Այսօր ՆԱՏՕ-ին անդամակցել են պետություններ, որոնց տարածքներն ակնհայտորեն օգտագործվում են տարբեր աշխարհագրական ուղղություններից և ռազմավարական խորությունից Ռուսաստանի նկատմամբ ուժի գործադրման համար»,- նշել է դիվանագետը:
Նրա խոսքով՝ իրավիճակի հետագա սրումը կարող է հանգեցնել եվրոպական անվտանգության համար անկանխատեսելի և ծանր հետևանքների: