Անասնաբուծության զարգացման նպատակով ճանապարհաշինական սուբվենցիոն ծրագրերում կներառվեն նաև հեռագնա արոտավայրերի ճանապարհները: Համայնքների զարգացմանն ուղղված նման աջակցություն երբևէ չի եղել:
Գնել Սանոսյան (ՀՀ ՏԿԵ նախարար) - Ունենք մեկ նոր ուղղություն՝ դա հեռագնա արոտների ճանապարհների բարելավմանն է վերաբերում, հնարավորություն ենք տալիս՝ մեր համայնքները դիմեն և դեպի արոտավայրեր գնացող ճանապարհները բարեկարգեն:
Հարցը բազմիցս քննարկվել է Կառավարությունում՝ նշում է վարչապետը: Հեռագնա արոտավայրեր տանող ճանապարհների բարելավումը զգալիորեն կնվազեցնի անասնապահութամբ զբաղվողների արտադրանքի ինքնարժեքը:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Մեր հանրապետությունում, եթե հիշողությունս չի դավաճանում, 1 միլիոն հեկտարից ավելի արոտավայրեր կան, բայց այդ արոտավայրերի 80 տոկոսը չի օգտագործվում, այսինքն՝ այդ արոտավայրերի վրա անասնապահությամբ չենք զբաղվում, և մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դրա հիմնական պատճառը ճանապարհների բացակայությունն է, և մենք հիմա խրախուսում ենք այս ծրագիրը, որպեսզի ճանապարհային ցանց ձևավորվի դեպի արոտավայրեր, որպեսզի գնալ-գալը ինքնարժեքի մեջ մեջ շատ մեծ բաղադրիչ չկազմի:
Անասնապահության եկամտաբերության բարձրացման նպատակով նախորդ տարիներին մեկնարկեց ու արդեն ավարտին է մոտենում էկոնոմիկայի նախարարության մեկ այլ՝ համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման ծրագիրը: Արոտավայրերի կայուն կառավարման բաղադրիչով, պետություն-համայնք, պետություն-արոտօգտագործող կոոպերատիվներ համաֆինանսավորման մեխանիզմով փորձն արդեն կիրառվել է 109 համայնքում:
Դավիթ Մեժլումյան (ՀՀ էկոնոմիկայի նախարարության համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման մրցունակության երկրորդ ծրագրի ղեկավար) - Համայնքներին օժանդակությունը կայանում է հետևյալ կերպ՝ 95 տոկոս և 5 տոկոս համամասնությամբ: Այսինքն՝ արդեն ընտրված համայնքներում կառուցվում են ջրարբիացման համակարգեր, խմոցներ, փարախներ, հովվի կացարաններ, վերանորոգվում են ճանապարհներ, իսկ կոոպերատիվների դեպքում ներդրումն իրականացվում է 80 և 20 տոկոս համամասնությամբ: Երկու դեպքում էլ 95 տոկոսը պետությունն էր իրականացնում, այս դեպքում էլ 80 տոկոսը պետությունն է իրականացնում:
Հեռագնա արոտներում կառուցվել են 248 կիլոմետր ջրագիծ, 46 փարախ, հովվի 43 կացարան, տեղադրվել 241 խմոց:
Միայն 2021-ին 19 համայնքում կառուցվել են 34 կիլոմետր ջրագիծ, 28 խմոց, 19 փարախ, հովվի 17 տնակ: Ավելի քան 5 միլիարդ դրամ ծախսվել է 95 համայնքի ջրարբիացման համակարգերի համար:
Ջրարբիացվել է թերի օգտագործվող կամ ընդհանրապես չօգտագործվող 120 հազար հեկտար արոտավայր: Բացի այդ, որ արոտավայրերը չդեգրադացվեն, շահառուների համար մշակվել են արոտների կառավարման նախագծեր: Բացի Արարատից ու Արմավիրից, ծրագիրն իրականացվել է հանրապետության բոլոր մարզերում: