Հունվարի 11-ին հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ հրետանու, անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ ադրբեջանական կողմը դիմեց հերթական սադրանքին, որի հետևանքով զոհվեց երեք հայ զինծառայող, վիրավորվեցին երկուսը: Ի՞նչ դիրքորոշում ունի ռուսական կողմն ադրբեջանական հերթական ագրեսիայի վերաբերյալ։ «Լուրերի» հարցին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը պատասխանում է՝ Մոսկվան լրջորեն մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին հերթական սրմամբ։
Մարիա Զախարովա, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ - Կողմերին կոչ ենք անում զերծ մնալ ուժային մեթոդների կիրառումից և բոլոր վիճելի հարցերը լուծել բացառապես քաղաքական-դիվանագիտական ճանապարհով: Տարածաշրջանում երկարաժամկետ կայունության և անվտանգության ապահովման «հիմնական դեղատոմսը» հայ-ադրբեջանական պետական սահմանի սահմանազատման գործընթացի շուտափույթ գործարկումն է՝ հետագա սահմանագծմամբ: Դա արձանագրված է նոյեմբերի 26-ին Սոչիում երեք երկրների ղեկավարների համատեղ հայտարարության մեջ: Կարևոր է հասնել այդ հարցով երկկողմ հանձնաժողովի ստեղծման: Մոսկվան պատրաստ է համակողմանի խորհրդատվական աջակցություն ցուցաբերել:
Օրեր առաջ ադրբեջանական կողմը մի քանի սադրանք իրականացրեց նաև Արցախում՝ կրակ բացելով Արցախի Կարմիր Շուկա, Թաղավարդ և Նախիջևանիկ համայնքների ուղղությամբ՝ թիրախավորելով քաղաքացիական բնակչությունը: Այս, ինչպես նաև նախկինում նմանատիպ այլ միջադեպերով ադրբեջանական կողմը կարծես թե փորձում է ստվեր գցել Արցախում ռուսական խաղաղապահ առաքելության վրա: Ինչպե՞ս է գնահատում Մոսկվան նման գործելաոճը:
Մարիա Զախարովա - Եթե անգամ ինչ-որ մեկը ցանկանում է ստվեր գցել ռուս խաղաղապահների վրա, դա չի հաջողվի, քանի որ խաղաղապահներն աշխատում են հստակ և հարթ՝ ի շահ ճգնաժամի կարգավորման: Մեր խաղաղապահ առաքելության ներկայացուցիչները մշտական կապի մեջ են կողմերի հետ և անհրաժեշտության դեպքում անցկացնում են միջադեպերի հետաքննություն:
Անդրադառնալով Ռուսաստանի հասցեին Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական Իսհան Շեների մեղադրանքներին, թե «Մոսկվան Ղազախստանին պոկում է թյուրքական աշխարհից»՝ Զախարովան նշեց.
Մարիա Զախարովա - Պետություն ներկայացնող մարդիկ նման արտահայտություններ չպետք է անեն: Դրանք որևէ կերպ չեն նպաստում Ղազախստանում մթնոլորտի առողջացմանը: Ղազախստանի խորհրդային անցյալի մասին անհարգալից արձագանքը հակասում է ռուս-թուրքական բարեկամության ոգուն։ Դա կոռեկտ չէ նաև ղազախ գործընկերների նկատմամբ, որոնք շատ հոգատար վերաբերմունք ունեն մեր ընդհանուր պատմական ժառանգության հանդեպ։
Զախարովան հիշեցրեց՝ ոչ վաղ անցյալում Թուրքիան ևս անցել է նման ճգնաժամի միջով: Մոսկվան հույս է հայտնում, որ այսուհետ թուրք պաշտոնյաները զերծ կմնան «բարձրաձայն նման հայտարարություններ անելուց»:
Մարիա Զախարովա - Թուրքիայի իրական բարեկամները նրան աջակցեցին և ձեռք մեկնեցին՝ այդ աղետալի իրավիճակը չօգտագործելով այլ նպատակների համար: Ղազախստանի իրավիճակը չպետք է դիտարկվեր որպես «պղտոր ջրում ձուկ բռնելու» հնարավորություն:
Ինչ վերաբերում է հունվարի 14-ին Մոսկվայում ռուսական կողմի հյուրընկալությամբ նախատեսված Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպմանը՝ Զախարովան հստակեցրեց. թեև Ռուսաստանը տվյալ ձևաչափի կողմ չէ, սակայն աջակցում է Երևանի և Անկարայի միջև երկկողմ հարաբերությունների կարգավորմանը և երկխոսության հաստատմանը: