«Հարգելի ծնողներ, ձեր ուշադրությունը ևս մեկ անգամ ուզում ենք հրավիրել կարևոր խնդրի վրա, որը լուրջ սպառնալիք է դառնում երեխաների առողջության համար:
Կենցաղային վտանգավոր քիմիական նյութերը, ինչպես նաև դեղերը պետք է պահել փակվող պահարաններում կամ երեխաներին անհասանելի այլ վայրերում։
Մտահոգիչ է, բայց պետք է նշենք, որ եղել են դեպքեր, երբ նույն երեխան տարբեր ժամանակահատվածներում ընդունվել է համալսարանական հիվանդանոց մի քանի անգամ տարբեր նյութերից թունավորված լինելու պատճառով:
Եվս մեկ անգամ խնդրում և հորդորում ենք, կենցաղային վտանգավոր քիմիական նյութերը, ինչպես նաև դեղերը պահել փակվող պահարաններում կամ երեխաներին անհասանելի այլ վայրերում։
Չափազանց ուշադիր լինել վտանգավոր քիմիական նյութերն օգտագործելիս, քանի որ հենց այդ ընթացքում դրանք կարող են երեխաներին հասանելի դառնալ:
Թունավոր նյութերը պահել գործարանային սրվակների և տուփերի մեջ` պահպանելով նախազգուշացնող պիտակները` շփոթությունից խուսափելու համար:
Պահվող քիմիական նյութերից հատկապես վտանգավոր են քայքայող քիմիական նյութերը, օրինակ՝ ամոնիակը, կաուստիկ սոդան (հիմք), թթուները (քացախաթթվային էսենցիան), կրային նստվածք քայքայող որոշ նյութեր, մաքրող, լվացող որոշ հեղուկներ, որոնք պարունակում են հիմքեր և թթուներ և կարող են շատ ծանր վնասվածքներ առաջացնել: Այլ վտանգավոր նյութերից նշվեցին լուծիչներն ու նավթամթերքները, օրինակ՝ լաքերը, նավթալամպերի վառելիքը, բենզինը, կերոսինը:
Կարող են չափազանց վտանգավոր լինել նաև դեղերով պայմանավորված թունավորումները: Խիստ վտանգավոր են սրտային և ճնշում կարգավորող դեղերը, քնաբերները, հակադեպրեսանտները, հոգեմետ դեղերը, ցավազրկողները, հակադիաբետիկ դեղերը, կոլխիցինը և այլն: Երեխաները հիմնականում հակված են ուտելու քաղցրացված դրաժեները կամ օշարակները և դրանք կարող են ընդունել մեծ քանակներով, որը չափազանց վտանգավոր է:
Երեխաների նման թունավորումների դեպքում կարող եք արագ դիմել մասնագիտացված միակ` Թունաբանության և մանկական վերակենդանացման համալսարանական կլինիկա, որտեղ կարող են ախտորոշել թունավորումը, գնահատել վտանգի աստիճանը և անհրաժեշտ բուժում իրականացնել:
Հիշեցնում ենք, որ բարեհաջող ելքը մեծապես պայմանավորված է ժամանակին դիմելով և մասնագիտական օգնություն ցուցաբերելով»,- նշված է գրառման մեջ։