Առաջարկվում է լրացումներ կատարել «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում: Խոսքը վերաբերում է բուժհաստատությունների կադրային ներուժի պլանավորմանը:
«Հայաստանում բժիշկների թիվը համարժեք է միջազգային միջին թվաքանակին, այն է՝ 10 հազար բնակչին 35 բժիշկ: Բայց այստեղ բժիշկների անհամաչափ բաշխվածության խնդիր ունենք: Երևանում բժիշկների թիվը 10 հազար բնակչին 88 է, իսկ մարզերում բավականին պակաս է այդ թիվը: Օրինակ՝ Լոռու մարզում այդ թիվը 25 է, Արմավիրում՝ 14: Մարզերում բժշկական օգնության և սպասարկման հասանելիության խնդիր ունենք»,- ասաց ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը:
Նա նշեց, որ նախագծով սոցիալական երաշխիքներ են նախատեսվում այն բժիշկների համար, որոնց առողջապահության նախարարությունը կուղղորդի համապատասխան բուժհաստատություն:
«Այսինքն՝ հավելյալ մոտիվացնող միջոցներ, որպեսզի նորավարտ բժիշկը տվյալ բժշկական հաստատությունում, կլինի մարզում թե Երևանում, որտեղ կարիքը կգտնի առողջապահության նախարարությունը, առնվազն 3 տարի ժամկետով իրականացնի բժշկական գործունեություն»,- ասաց Զեյնալյանը:
Զեյնալյանը մանրամասնեց նախագծի նպատակը.
«Այն ուսանողների համար, որոնք նպատակային են ընդունվում Բժշկական համալսարան, վճարում է պետությունը, որպեսզի համալսարանը պատրաստի կադրեր: Սրանով պետությունը նախ՝ կադրերի իր կարիքն է ներկայացնում, նաև պարտավորվում տվյալ ուսանողներին գործով ապահովել ավարտելուց հետո»:
Նախագիծը հանձնաժողովի նիստում դրական եզրակացություն ստացավ: