Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։
Վարդենյաց լեռնանցքը (բուք) փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։ Դժվարանցանելի են Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանի միջհամայնքային, Գյումրի-Ամասիա և Գյումրի-Բավրա (բուք է) ավտոճանապարհները։
Սյունիքի մարզի «Մեղրու սար» և «Զանգեր» կոչվող հատվածներում, Տիգրանաշենի ոլորաններում, Վայոց ձորի և Սյունիքի մարզերի բարձրադիր հատվածներում տեղում է ձյուն։ Արագածոտնի մարզի Ապարան-Արագած ավտոճանապարհին առկա է մերկասառույց։
Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում առկա է մառախուղ։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Ռուսական կողմում կա մոտ 150 կուտակված բեռնատար ավտոմեքենա։