Հունվարի 14-ին Մոսկվայում ռուսական կողմի հյուրընկալությամբ կկայանա Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը: Այն կրելու է ճանաչողական բնույթ և դժվար է ակնկալել, որ մեկ հանդիպման արդյունքում հնարավոր կլինի ունենալ շոշափելի արդյունքներ, սակայն դրանով կտրվի գործընթացի մեկնարկը։ Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը:
Վահան Հունանյան, ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար - Հայաստանի ակնկալիքներն այդ երկխոսությունից, ըստ էության, նույնն են, ինչ եղել են 1990-ականների սկզբներից ի վեր։ Մենք ակնկալում ենք, որ գործընթացի արդյունքում Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ կհաստատվեն, և երկու երկրների միջև սահմանը, որը Թուրքիայի կողմից միակողմանիորեն փակվել էր 90-ականների սկզբին, կբացվի։ Հայաստանի Հանրապետությունը մշտապես հայտարարել է, որ պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման՝ առանց որևէ նախապայմանի: Հայաստանի մոտեցումը որևէ փոփոխություն չի կրել՝ նույն դիրքորոշումն արտացոլված է նաև ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրում:
*****
ԱՄՆ պետքարտուղարությունը մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային միջադեպի հետ կապված: «Մենք ցավակցություն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և կողմերին լարվածության թուլացման կոչ ենք անում, այդ թվում՝ զորքերի դուրսբերման, սահմանագծման և պահվող անձանց վերադառնալու ճանապարհով». գրառումը կատարվել է ԱՄՆ պետքարտուղարության՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյի՝ Twitter-ի միկրոբլոգում:
*****
Հունվարի 13-ին տեսակապի միջոցով կայացել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության պաշտպանության նախարարների խորհրդի արտահերթ նիստը։ ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության նախարարները քննարկել են Ղազախստանում խաղաղապահ գործունեության արդյունքները, ինչպես նաև արագ արձագանքման մեխանիզմների կատարելագործման հարցեր։ Նիստի արդյունքներով՝ պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները ստորագրել են «Ղազախստանի Հանրապետության տարածքից ՀԱՊԿ անդամ երկրների խաղաղապահ ստորաբաժանումների վերադարձը մշտական տեղակայման վայրեր կազմակերպելու մասին» համատեղ որոշումը: ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարել է, որ կազմակերպությունը Ղազախստանին ցուցաբերել է ոչ միայն ռազմական, այլև բարոյական աջակցություն։ «Խաղաղապահ առաքելությունն ապացուցեց, որ կազմակերպությունը դարձել է կայունության և անվտանգության ապահովման իրապես գործուն մեխանիզմ»,- նշել է նա։
*****
Ռուսաստանը հիասթափված է Վիեննայում ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստի արդյունքներից՝ հայտնել է ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը՝ հավելելով, որ ռուսական կողմն ակնկալում էր առարկայական և բազմակողմ քննարկումներ։ «Անվտանգության երաշխիքների վերաբերյալ մեր առաջարկներին ԵԱՀԿ-ի գործընկերներից համարժեք պատասխան և արձագանք չստացանք»,- ընդգծել է նա։ Ռուս դիվանագետի խոսքով՝ կողմերը հիմնականում իրենց մտահոգություններն են հայտնել Ռուսաստանի գործողությունների հետ կապված, հատկապես՝ ուկրաինական խնդրի համատեքստում։ Ավելի վաղ, անդրադառնալով Ժնևում և Բրյուսելում կայացած ՌԴ-ԱՄՆ և ՌԴ-ՆԱՏՕ բանակցություններին, Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի պոսկովը հայտարարել էր, որ դրանք անհաջող են անցել: «Կողմերը տարաձայնություններ ունեն մի շարք սկզբունքային հարցերի շուրջ»,- հավելել է նա:
*****
Եվրոպայում պատերազմի վտանգն այսօր շատ ավելի մեծ է, քան երբևէ վերջին 30 տարվա ընթացքում՝ հայտարարել է ԵԱՀԿ նախագահ, Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաուն՝ կազմակերպության մշտական խորհրդի նիստի բացման ժամանակ։ «ԵԱՀԿ անդամ երկրները բախվում են տարբեր մարտահրավերների՝ ձգձգվող հակամարտություններ, արմատականացում, ահաբեկչություն, համավարակի հետևանքներ։ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների խախտումները հանգեցնում են անորոշության և վախի մթնոլորտի սրման»,- ընդգծել է նա։ Ռաուի խոսքով՝ ԵԱՀԿ-ն պետք է կենտրոնանա Արևելյան Եվրոպայում անվտանգության հետ կապված խնդիրների լուծման վրա։