ՀՀ-Եվրամիություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կետերի կիրարկման աշխատանքները առաջ են գնում ըստ ժամանակացույցի՝ համաձայնագրի գործողության մեջ մտնելու մեկամյակին ընդառաջ հայտարարել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը: Պատգամավորը շեշտում է՝ համաձայնագիրը ոչ միայն քաղաքական առաջընթացի լավ գործիք է, այլև նպաստում է հասարակության բարեկեցության մակարդակի բարձրացմանը:
Արման Եղոյան (ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ) - Ավելի գլոբալ եթե նայենք, տեսեք՝ համաձայնագրով նախատեսված է դատաիրավական բարեփոխումներ, նախատեսված էր հակակոռուպցիոն մարմնի ստեղծում, որն արդեն ստեղծվել է: Օրինակ՝ Ընտրական օրենսգրքի փոփոխությունը՝ վերջին փոփոխությունը՝ 100 տոկոս համամասնականին անցնելը, սա էլ էր նախատեսված համաձայնագրով, դատավորների թվի աճը, այսօր մեր դատավորները ծանրաբեռնված են, դատավոր կա, որ տասնյակ ու հարյուրավոր քննվող գործեր ունի:
Եղոյանը մատնանշում է նաև կենցաղային փոփոխություններ՝ ԵՄ չափորոշիչներով կահավորված ու գծանշված ճանապարհները, որոնք նվազեցնում են վթարները, կամ շինանյութերի ստանդարտացումը, որի հետևանքով թունավոր նյութերի կիրառությունը շինարարության մեջ սահմանափակվում է: 2021-ի տարեվերջին բոլոր ճանապարհները, որոնք ԵՄ հատկացրած 2.6 մլրդ եվրո աջակցությամբ պետք է վերանորոգվեն, քարտեզագրվել են: Եղոյանը հիշեցնում է՝ ԵՄ խոշոր ծրագրի թիրախում են ճանապարհաշինությունից ու ջրամբարաշինությունից մինչև կրթության ոլորտի բարեփոխումներ:
Արման Եղոյան - 500 մլն եվրո նախատեսված է փոքր ու միջին բիզնեսին աջակցելու համար: Արդեն այս տարվա ընթացքում դա կուղղվի բանկերին որոշակի պայմաններով՝ կա կանաչ տնտեսության ավելի արտոնյալ պայմաններով, ու էդ 500 միլիոնը կմտնի արդեն ժողովրդի ու գործարարների տրամադրության տակ:
Եվ հանրությանը ամենից շատ հուզող հարցերից մեկը՝ վիզաների ազատականացումը: Եղոյանի խոսքով՝ դա պայմանագրով կարգավորվող հարց չէ, այլ բացառապես քաղաքական հարթությունում է: Գործընթաց սկսելու համար իրենց համաձայնությունը պետք է տան ԵՄ անդամ բոլոր 27 պետությունները: Եղոյանի պնդմամբ՝ այս պահին դեռ համաձայնություն չի տվել մեկ-երկու երկիր՝ մտահոգվելով միգրացիոն նոր հոսքի հավանականությունից: Այդ երկրների հետ Երևանն այս պահին բանակցում է ու փաստում՝ վերջին 5 տարում ԵՄ-ից ապաստան հայցած Հայաստանի քաղաքացիների թիվը 3-4 անգամ նվազել է: