Հունվարի 13-ին տեղի ունեցավ ԵԱՀԿ մշտական խորհրդի հատուկ նիստ, որի ընթացքում Լեհաստանի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Զբիգնև Ռաուն ներկայացրեց լեհական նախագահության առաջնահերթությունները:
Հաջորդած մտքերի փոխանակման ընթացքում ԵԱՀԿ-ում Հայաստանի առաքելության ղեկավար, դեսպան Արմեն Պապիկյանը հանդես եկավ ելույթով, որում անդրադարձավ հայ-ադրբեջանական սահմանին և Արցախի հետ շփման գծում Ադրբեջանի կողմից շարունակ կազմակերպվող սադրանքներին և ռազմական բախումներին, որոնք հանգեցրել են մարդկային կորուստների:
Մասնավորապես, անդրադարձ եղավ ՀՀ ինքնիշխան տարածք 2021 թ. մայիսի 12-ից ներխուժած ադրբեջանական զինված ստորաբաժանումների կողմից ս.թ. հունվարի 11-ին հրետանու և անօդաչու թռչող սարքերի օգտագործմամբ կազմակերպած սադրիչ գործողությանը, ինչի հետևանքով զոհվել են ՀՀ զինծառայողներ Արթուր Մխիթարյանը, Ռուդիկ Ղարիբյանը և Վահան Բաբայանը:
Ընդգծվեց, որ վերջին օրերին Բաքվից հնչող հայատյաց և, միևնույն ժամանակ, «ինքնախոստովանական» հայտարարությունները հաստատում են, որ այդ բախումները նախաձեռնել է Ադրբեջանը:
ԵԱՀԿ գործող նախագահի ուշադրությունը կրկին հրավիրվեց Բաքվում պահվող հայ ռազմագերիների և գերության մեջ գտնվող քաղաքացիական անձանց, ինչպես նաև բռնի անհետացումների խնդիրներին, որոնք մինչ օրս չեն հանգուցալուծվել՝ Ադրբեջանի կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության և միջազգային մարդասիրական իրավունքի ներքո ստանձնած պարտավորությունների ոտնահարման հետևանքով:
Դեսպան Պապիկյանը կոչ արեց ԵԱՀԿ նախագահությանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին գործուն միջոցներ ձեռնարկել՝ դադարեցնելու Ադրբեջանի սադրանքները, և վերսկսելու հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացը:
ՀՀ մշտական ներկայացուցիչն առանձնահատուկ ընդգծեց, որ ԵԱՀԿ տարածքում ուժի կիրառումը չի կարող «լուծել» որևէ հակամարտություն և ադրբեջանական կողմից ուժի կիրառումը՝ որպես հակամարտության կարգավորման լեգիտիմ գործիքի ներկայացումը վտանգում է ԵԱՀԿ-ի տարածաշրջանի անվտանգությունը և վարկաբեկում հակամարտությունների խաղաղ կարգավորման նպատակով ստեղծված միջազգային կազմակերպությունները, այդ թվում՝ ԵԱՀԿ-ն:
Ամփոփելով իր ելույթը՝ դեսպան Պապիկյանը կոչ արեց ԵԱՀԿ լեհական նախագահությանը ուշադրության կենտրոնում պահել ԼՂ հակամարտությունը, և հույս հայտնեց, որ Լեհաստանի նախագահությունը միջազգային այլ գործընկերների հետ միասին կօգտագործի առկա գործիքակազմը՝ Ադրբեջանին հստակ և միանշանակ ուղերձ հղելու համար, որ ուժի շարունակական կիրառումը չի կարող հանդուրժվել և անհետևանք մնալ։
Ադրբեջանը պետք է անհապաղ դադարեցնի իր սադրանքները, դուրս բերի իր ուժերը Հայաստանի ինքնիշխան տարածքից, դադարեցնի լարվածության սրումը թե՛ Հայաստանի սահմանին, թե՛ Արցախի հետ շփման գծում և կատարի իր ստանձնած պարտավորությունները։