Նոր տարին սահմանամերձ Բաղանիսում սկսվեց լավ նորությամբ՝ գյուղը շուտով կունենա 24-ժամյա խմելու ջուր: Գյուղի համար կենսական այս խնդիրը լուծում ստացավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի օգնությամբ:
Նարեկ Սահակյան (Նոյեմբերյան համայնքի Բաղանիս գյուղի վարչական ղեկավար) - Խմելու ջրի հարցը այս ծրագրով վերջնական կարելի է փակված համարել, գյուղը կունենա շուրջօրյա ջրամատակարարում, նախագծով նախատեսված է ֆիլտրակայան, քլորակայան, այսօրվա չափանիշներին համապատասխանող շատ որակյալ և մաքուր ջուր կունենանք: «Հայաստան» համահայկական հիմնադրամը Բաղանիսում է 2015-16 թվականներից էլի մի շարք կենսական ծրագրերով՝ խմելու ջրի ցանցի կառուցում, ընդլայնում, ջերմոցային տնտեսություններ:
Շուրջօրյա ջուր գյուղն ուներ դեռ 2017-ին, սակայն բնակլիմայական փոփոխությունների հետևանքով աղբյուրները դարձան սակավաջուր, իսկ խնդիրը՝ օրակարգային, թեև 2016-ին էլ ԻՖԱԴ-ի ֆինանսավորմամբ նորացվել էր խմելու ջրի ներքին ցանցը: Ստորգետնյա նոր աղբյուրների որոնման փորձերը արդյունք չտվեցին, և ընտրությունը կանգ առավ նոր ջրագծի կառուցման տարբերակի վրա:
Նարեկ Սահակյան - Խմելու ջրի ներքին ցանցը գերազանց վիճակում է, ընդհանուր ներքին և արտաքին ցանցը 16 կմ 300 մ է, ամբողջովին փոխվել է՝ դիտահորերով, ջրաչափերով, մեր խնդիրն էր նոր ջրագիծ հասցնել օրվա կարգավորիչ ջրամբար: Բաղանիսի և Ջուջևան գյուղերի միջև ընկած հատվածում մաքուր առուն է, բոլոր չափանիշները բռնում են որպես խմելու ջուր, էդ ջրից 5 լ/վրկ ծավալով վերցնելու ենք 24 ժամվա համար՝ մոտ 430 տ ջուր, որը 24 ժամը կապահովի:
49 մլն դրամ արժեքով, 3200 մ երկարությամբ նոր ջրագծի շինարարությունն սկսվել նախորդ տարվա հոկտեմբերից, աշխատանքն ընթանում է բարդ ռելիեֆային, երբեմն նույնիսկ տեխնիկայի համար անհասանելի պայմաններում, մոտ 1400 մետրն անցնում է անտառապատ տեղանքով, ինչը թեև փոքր-ինչ դանադաղեցնում է գործը, սակայն շինարարները մետր առ մետր մոտեցնում են սպասված օրը:
Ալեքսանդր Մադաթյան (շինարար) - Գործը լավ առաջ ա գնում, մենակ եղանակն ա մի քիչ խանգարում, ցուրտն էլ ա, քարն էլ ա, տրակտորը չի կարողանում փորի, գրունտ ա, կպրծնենք ժամկետում:
Շինարարները հավաստիացնում են՝ բաղանիսցիները երկար չեն սպասի, արդեն գարնանը ջուրը գյուղ կհասնի: