ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված անհետաձգելի քննչական և դատավարական գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության ծառայողների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում բացահայտվել է գարեջրատանը զենքի գործադրմամբ կատարված խուլիգանության դեպքը:
Նախնական տվյալներով՝ 2022 թ. հունվարի 11-ին` ժամը 23:40-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, ապօրինի ձեռք բերված և իր մոտ պահվող զենքով, իր անձի առավելությունն ընդգծելու և իր կամքը շրջապատին հակադրելու մոլուցքով տարված, Երևան քաղաքի Ա. Վշտունու փողոցում գործող գարեջրատանը կրակոց է արձակել նույն գարեջրատան աշխատակցուհու ուղղությամբ՝ վերջինիս ծնկի շրջանում պատճառելով հրազենային վնասվածք, խաթարելով գարեջրատան բնականոն աշխատանքը:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Աշխատակցուհին ճանաչվել է տուժող:
Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել են 7 x 62 մմ տրամաչափի պարկուճ, գնդակի պատյան, ինչպես նաև՝ արնանման հետքեր, վերցվել են փորձանմուշներ, հարցաքննվել են դեպքին ականատես վկաներ, նշանակվել են դատաբաժշկական, դատաձգաբանական, դատահետքաբանական և դատաքիմիական համալիր փորձաքննություններ:
Իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Արագածոտնի մարզի 1990 թ. ծնված բնակիչ է: Վերջինս ձերբակալվել է՝ զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու կասկածանքով:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ:
Հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: