Կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հունվարի 22-ից Հայաստանում կկիրառվեն նոր սահմանափակումներ: Հանրային մի շարք վայրեր այցելելողները պետք է հավաստեն, որ պատվաստված են կամ ներկայացնեն թեստի բացասական արդյունք:
Առողջապահության նախարարի հրամանի համաձայն, այդ վայրերն են՝ հանրային սննդի օբյեկտները, հյուրանոցները, մարզասրահները, գրադարանները, թանգարանները, թատերահամերգային, կինոյի և այլ մշակութային գործունեություն իրականացնող կազմակերպությունները:
Այցելուների ՊՇՌ բացասական թեստը պետք է լինի առավելագույնը 72 ժամ վաղեմության, արագ թեստը՝ 24 ժամ: Սրանք և պատվաստման սերտիֆիկատը կարելի է ներկայացնել ինչպես բջջային հեռախոսի հավելվածի միջոցով, այնպես էլ դրանից տպված թղթային տարբերակով: Կան նաև բացառություններ:
Առանց պատվաստման և բացասական թեստի կարող են վերոնշյալ հանրային վայրեր այցելել հետևյալ խմբերը.
մինչև 18 տարեկանները՝ անձը հաստատող փաստաթուղթ ներկայացնելու դեպքում, հղիները և պատվաստման բացարձակ հակացուցում ունեցողները, եթե ներկայացնեն առողջության առաջնային պահպանման բժշկի տրամադրած համապատասխան փաստաթուղթ: Նոր սահմանափակումները չեն վերաբերի նաև Քովիդ-19-ով հիվանդացած անձանց՝ ՊՇՌ հետազոտության առաջին դրական թեստից հետո՝ 90 օրվա ընթացքում:
Հարցին, թե հանրային վայրերում ինչպես է իրականացվելու այս պահանջների կիրառումը, գործելու է միասնական մոտեցում, թե յուրաքանչյուր տնտեսվարող գործընթացը կազմակերպելու է իրեն հարմար ձևով, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագետը պատասխանեց՝ սանիտարական նորմը կիրառման ենթակա է բոլոր տեսակի տնտեսվարող սուբյեկտների համար, սակայն թե ինչպիսի մեխանիզմներ մշակել՝ ներքին կարգավորման հարց է:
Նոնա Հայրապետյան. ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևան քաղաքի տարածքային կենտրոնի հիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության բաժնի պետ - Այսինքն՝ կախված գործունեության տեսակից, տնտեսվարողը ինքը պետք է մշակի և ներդնի այն կազմակերպչական մոտեցումը, որը կբերի ցանկալի արդյունքի՝ վերահսկման առումով, իսկ տեսչական մարմինը վերահսկողություն է իրականացնում տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ:
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետն ասում է՝ այս կարգավորումները մշակվել են՝ ուսումնասիրելով միջազգային փորձը: Շատ երկրներում դրանք բավականին լավ արդյունք են տվել՝ թե՛ պատվաստումային գործընթացի վրա դրական ազդեցության, թե՛ վարակի կառավարելիության տեսանկյունից: Հույս ունեն՝ մեր երկրում նույնպես փոփոխությունը դրական կլինի:
Նախորդ խստացումն էլ, ըստ որի չպատվաստվածները գործատուին պետք է ՊՇՌ հետազոտության թեստի բացասակայն պատասխանը ներկայացնեն ոչ թե 14, այլ 7 օր պարբերականությամբ, Ռոմելլա Աբովյանի խոսքով՝ արդյունավետ է եղել:
Ռոմելլա Աբովյան, ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ - Մենք ունեցել ենք օրական 20 000 և ավելի պատվաստվող, սակայն պետք է համաճարակաբանական տեսանկյունից ասեմ՝ բավականին արդյունավետ կարգավորում էր այն առումով, որ այդ կարգավորման շրջանակներում շուրջ 1000 դրական ՊՇՌ թեստ ունեցող անձինք հայտնաբերվեցին, որոնք չունեին ախտանշաններ և վերջիններս հնարավորություն ունեցան նախ դիմել բժշկի ու գտնվել բժշկի հսկողության տակ, և երկրորդը՝ արդեն որպես համաճարակաբանական ցուցանիշ, եթե այդ ժամանակահատվածում նշում էինք, որ շրջանառվում է «Դելտա» շտամը, ապա յուրաքանչյուր մեկ անձը կարող էր վարակել 7 անձի: Նշանակում է, որ մենք կանխել ենք շուրջ 7000 նոր դեպքի արձանագրում:
Աբովյանը փաստում է՝ վերջին օրերին դիտվում է կորոնավիրուսով վարակվածության դեպքերի աճ և այն էլ՝ կտրուկ: Վարակի վերարտադրողականության ցուցանիշն արդեն 2.3 է: Ու եթե մի քանի օր առաջ Հայաստանը Եվրամիության չափանիշներով դեռ գտնվում էր կանաչ գոտում, հունվարի 13-ի դրությամբ մտել է նարնջագույն գոտի:
Հեղինակ՝ Աննա Զախարյան