Ադրբեջանի նախագահը նորից քննադատել է ԵԱՀԿ Մինսկի խմբին: Ադրբեջանցի լրագրողների հետ հանդիպմանը Իլհամ Ալիևը հերթական անգամ հայտարարել է՝ ղարաբաղյան հակամարտություն այլևս գոյություն չունի, ուստի ավարտված է նաև այդ հարցով զբաղվող կառույցի առաքելությունը:
Իլհամ Ալիև (Ադրբեջանի նախագահ) - Ես չունեմ տեղեկություն, թե ինչով է զբաղվում ԵԱՀԿ Մինսկի խումբը: Նրանք պետք է օրակարգ ձևավորեն: Թե ինչով նրանք չպետք է զբաղվեն, կարող եմ ասել՝ նրանք չպետք է զբաղվեն Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ:
Պատերազմից հետո Մինսկի խմբի բոլոր համանախագահ երկրները մեկ անգամ չէ, որ հայտարարել են բանակցությունները կառույցի մանդատի ներքո վերսկսելու անհրաժեշտության մասին: Վերջինը հունվարի 11-ին էր, երբ արտգործնախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդի հեռախոսազրույցի ընթացքում երկուստեք ընդգծվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման կարևորությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո, և այս ձևաչափում աշխատանքների լիարժեք վերականգնման անհրաժեշտությունը։ Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը համոզված է՝ այս հարցում Ալիևը ուշ թե շուտ ստիպված է լինելու հաշվի նստել իրողությունների հետ:
Ստյոպա Սաֆարյան (քաղաքագետ) - Ալիևը փորձում է դիմադրել, երեք երկրներն ասում են, որ հակամարտությունը լուծված չէ, Հայաստանը պնդում է, որ անհրաժեշտ է գտնել վերջնական և համապարփակ լուծում: Այս պահանջի հետ համակարծիք է ԱՄՆ-ը և Ֆրանսիան: Ռուսաստանը գտնում է, որ այդ հարցը պետք է քննարկվի ապագայում, մասնավորապես, կարգավիճակի հարցը: Եվ ահա այս խնդրում է Ալիևը միայնակ:
Այս անգամ քննադատության տակ են հայտնվել նաև առանձին Վաշինգտոնն ու Փարիզը, քանի որ, ըստ, Ալիևի, ԱՄՆ-ն ու Ֆրանսիան ակնհայտ պրոհայկական դիրքորոշում են որդեգրել: Փորձել է նույնիսկ փաստարկել ասածները, նեղացած հիշեցրել, որ «Ժողովրդավարության գագաթնաժողովին» Հայաստանին հրավիրել էին, իրենց՝ ոչ, բացի այդ՝ վերջերս Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հրավիրվել էր Վաշինգտոն, որտեղ հանդիպումներ է անցկացրել: Այս ամենը, Ալիևի կարծիքով, խախտել է երկրների նկատմամբ վերաբերմունքի բալանսը: Ալիևը դժգոհել է նաև, որ Ֆրանսիայի նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսը անխոչընդոտ ժամանել է Արցախ:
Իլհամ Ալիև - Մեր պաշտպանության նախարարը մեկ անգամ չէ, որ նամակ է հղել իր ռուսաստանցի գործընկերոջը, ինչպես նաև դժգոհություն հայտնել խաղաղապահ առաքելության հրամանատարությանը: Նմանատիպ քայլեր ենք ձեռնարկել նաև Վալերի Պեկրեսի այցի ժամանակ: Եթե մենք տեղյակ լինեինք, որ նրանք այնտեղ են, թույլ չէինք տա վերադառնալ, քանի որ մենք վերահսկում ենք Լաչինի միջանցքը:
Լաչինի միջանցքը նոյեմբերի 9-ի փաստաթղթով վերահսկում են ռուս խաղաղապահները: Ֆրանսիայի նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսն Արցախ էր այցելել շաբաթներ առաջ, իսկ Բաքուն այդ այցերին խոչընդոտելու որևէ մեխանիզմ չունի: Բողոքների համատեքստում, ԵԱՀԿ Մինսկի խմբից, Ֆրանսիայից ու Միացյալ Նահանգներից հետո Ալիևը անցել է Արցախում Ռուսաստանի խաղաղապահ առաքելությանը: Ադրբեջանի նախագահը, մասնավորապես, դժգոհել է, որ ռուսական կողմը պայմաններ է ստեղծում, որ մուտքն Արցախ համեմատաբար հեշտ լինի, իսկ ելքը՝ համեմատաբար դժվար, ինչը Ալիևի կարծիքով՝ արված է պատերազմի ժամանակ հեռացած արցախցիների վերադարձն ապահովելու նպատակով: Վերջացնելով բողոքները՝ Ալիևն անդրադարձել է, այսպես կոչված, միջանցքի թեմային, սակայն այս անգամ զգալիորեն մեղմ հռետորաբանությամբ՝ շեշտը դնելով կոմունիկացիաների գործարկման վրա:
Իլհամ Ալիև - Սկզբնական փուլում Հայաստանը համաձայնել է երկաթուղու կառուցմանը: Համաձայնություն կա նաև ավտոճանապարհի վերաբերյալ: Այժմ քննարկվում է դրա երթուղին:
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը հռետորաբանության մեղմացումը պատահական չի համարում: Ավելի քան մեկ տարի տարբեր հարթակներում և առիթներով խոսելով այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի մասին, Ալիևը, բացի Թուրքիայից, այդպես էլ չկարողացավ ստանալ որևէ միջազգային կենտրոնի աջակցությունը:
Ստյոպա Սաֆարյան - Փաստացի Ալիևն ու իր լոբբիստները «ոչ» պատասխանը ստացան: Այժմ մեղմացրել է իր հետորաբանությունը, այժմ դա փորձում է վաճառել իր երկրում այնպես, թե այդ ճանապարհի օգտագործումը հենց տրանսպորտային միջանցքն է: Ալիևը հասկանում է, որ այս միջազգային միջավայրում որևէ աջակցություն չունի:
Այն, որ միջանցքի մասին կողմերը չեն էլ բանակցել, ավելի վաղ հայտարարել էր նաև Ռուսաստանի փոխվարչապետ, ռուսական կողմից եռակողմ աշխատանքային խմբի համանախագահ Ալեքսեյ Օվերչուկը: