«Գազպրոմ Արմենիան» այսօր հայտարարել է, որ մտադիր է ապրիլի 1-ից թանկացնել կապույտ վառելիքը։ Այդ մասին խոսակցությունները սկսվեցին, երբ հայտնի դարձավ, որ ռուսական ընկերությունը Հայաստանի կառավարության հետ պայմանավորվել է սահմանին գազի գինը 10 տարի շարունակ պահել 1000 խմ-ի հաշվով նույն՝ 165 դոլար-մակարդակում, միայն թե արդեն ոչ թե եղած 8300-8500, այլ ավելի քիչ՝ 7900 կիլոկալորիա ջերմատվությամբ վառելիքի համար:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօր ստացել է սակագնային վերահաշվարկի գազամատակարարի հայտը, համաձայն որի՝ Հայաստանում այժմ գործող տարբերակված՝ բնակիչ-բաժանորդի, բիզնեսի ու սոցիապես անապահով սպառողների սակագների փոխարեն ընկերությունն առաջարկում է կիրառել մեկ միասնական բանաձև և բոլոր բաժանորդների համար ապրիլի 1-ից անցնել գազի փաստացի ջերմատվության հետ կապված մեկ միասնական սակագնի։
Ի՞նչ որոշում կկայացվի, և ինչ փոփոխության մասին է խոսքը՝ մեկնաբանել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետ Աշոտ Ուլիխանյանը։
«Եթե մինչև այսօր թվային մեծություններ էր սահմանված, «Գազպրոմն» առաջարկում է հաշվարկային բանաձև կիրառել և ամեն ամսվա ստացած փաստացի կալորիականությամբ որոշում կայացնել: Տեսեք՝ այսօրվա միջին կշռված սակագնով՝ 266․71 ԱՄՆ դոլարին համարժեք է 1000 խմ-ի համար։ «Գազպրոմ Արմենիայի» ներկայացած առաջարկով 85000 կկալ-ի համար ստացվում է 282.6 դոլար, այսինքն՝ միջին կշռված սակագնի ավելացումը կազմում է 15.89 ԱՄՆ դոլար՝ ներառյալ ԱԱՀ-ն»,- ասում է ՀՀ ՀԾԿՀ սակագնային քաղաքականության վարչության պետը: