Flyone Armenia ավիաընկերությունը Թուրքիայի ավիացիոն իշխանությունների կողմից ստացել է Երևան-Ստամբուլ-Երևան ուղղությամբ թռիչքներ իրականացնելու թույլտվություն: Առաջին թռիչքը նախատեսվում է փետրվարի 2-ին:
Այս մասին 1lurer.am-ի հետ զրույցում հայտնեց Flyone Armenia ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը:
«Երևան-Ստամբուլ-Երևան երթուղով տոմսերի վաճառքը երեկվանից սկսվել է: Տոմսերի արժեքը՝ սկսած 39 եվրոյից: Սա շատ լավ հնարավորություն է պոլսահայ համայնքի և մայր հայրենիքի միջև կապն ամրացնելու համար: Կարծում եմ՝ ուղղությունը հաջողված է»,- ասաց Անանյանը:
Երևան-Ստամբուլ չվերթերը կիրականացվեն «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի «Ստամբուլ» միջազգային օդանավակայան:
Փետրվար-մարտ ամիսներին թռիչքները կիրականացվեն շաբաթական 2 անգամ՝ երկուշաբթի և ուրբաթ օրերին, ապրիլից՝ շաբաթական 3 չվերթ հաճախականությամբ՝ երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ։
Հիշեցնենք՝ Flyone Armenia և Pegasus ավիաընկերությունները Երևան-Ստամբուլ-Երևան երթուղով ոչ կանոնավոր չվերթեր իրականացնելու թույլտվություն են ստացել Քաղավիացիայի կոմիտեից:
Ավելի վաղ հայտնել էինք՝ Հայաստանի քաղաքացիական ավիացիան թույլատրել է Flyone Armenia ընկերությանը չվերթեր իրականացնել Երևան-Ստամբուլ-Երևան երթուղով:
Թուրքական Pegasus ընկերությունը դիմել էր Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեին՝ Երևան-Ստամբուլ չվերթ իրականացնելու հայտով։