2022 թ. հունվարի 11-ին Արդբեջանի Հանրապետության զինված ուժերը, կոպտորեն խախտելով հրադադարի ռեժիմը, տարբեր զինատեսակների, այդ թվում հրազենային միջոցներից բացի նաև հրետանային միջոցների և անօդաչու թռչող սարքերի կիրառությամբ, ազգային ատելության շարժառիթով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով երկու կամ ավելի անձանց սպանելու դիտավորությամբ ինտենսիվ կրակ են վարել ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում՝ հայ-ադրբեջանական սահմանի` ՀՀ Գեղարքունիքի մարզի հատվածում տեղակայված հայկական մարտական հենակետերի ուղղությամբ: Այս մասին ասված է ՀՀ գլխավոր դատախազության հնարային կապերի բաժնի հաղորդագրությունում:
Իրականացված ռազմական գործողությունների, արձակված կրակոցների հետևանքով մահացու մարմնական վնասվածքներ են ստացել ՀՀ ԶՈՒ 3 ժամկետային զինծառայողներ:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 6-րդ, 7-րդ և 13-րդ կետերով նախատեսված հանցագործության հատկանիշներով:
Բացի այդ, նույն օրը, թշնամու կողմից իրականացված սադիչ գործողությունների՝ հայկական դիրքերի ուղղությամբ ժամը 15:50-ից մինչև 18:20-ն ընկած ժամանակահատվածում նույն շարժառիթներով և դիտավորությամբ արձակած կրակոցների հետևանքով ՀՀ ՊՆ նույն զորամասի երկու ժամկետային զինծառայողներ ստացել են մարմնական տարբեր վնասվածքներ: Սակայն սպանությունն ավարտին չի հասցվել, քանի որ վիրավորում ստացած զինծառայողները տեղափոխվել են ՀՀ Գեղարքունիքի կայազորային հոսպիտալ և ստացե անհրաժեշտ բուժօգնություն:
Նշված դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժնում ևս հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 6-րդ, 7-րդ և 13-րդ կետերով նախատեսված հանցագործության հատկանիշներով։