Փարաքարում վերջապես կրքերը հանդարտվեցին: Համայնքի ղեկավարի երդմնակալությամբ հիմք դրվեց նորընտիր ավագանու հնգամյա գործունեությանը: Փարաքար խոշորացված համայնքը 9 բնակավայր է ներառում:
Ընտրություններին մասնակցել և անցողիկ շեմը հաղթահարել է 3 քաղաքական ուժ:
11 մանդատ ստացել էր «Ապրելու երկիրը», 6 մանդատ՝ «Քաղաքացիական պայմանագիրը», 5 մանդատ՝ «Դավիթ Մինասյան» կուսակցությունների դաշինքը: Համայնքներում հնարավոր դժգոհություններից խուսափելու համար առաջարկվել էր կառավարման 5 տարին բաժանել երեք մասի. «Դավիթ Մինասյան» կուսակցությունների դաշինքը համաձայնել էր ղեկավարել առաջին մեկ տարին, իսկ մնացած չորս տարին բաժանել ՔՊ-ի և «Ապրելու երկրի» միջև: «Ապրելու երկիրը» մերժել էր առաջարկը և վայր դրել մանդատները: Այսպիսով՝ համայնքը կկառավարվի ավագանու 11 մանդատանոց կազմով:
Դավիթ Մինասյան (Փարաքար համայնքի ղեկավար) - Վստահ ասում եմ՝ թող հանրությունն էլ իմանա, աշխատելու ենք, ծառայելու ենք հանուն համայնքի, մեր բնակիչների:
Կարապետ Արթինյան (Փարաքար համայնքի ավագանու ՔՊ խմբակցության անդամ) - Վոլոդյա Գրիգորյանը հայտարարում էր, որ դնելու են մանդատները, սակայն հույս ունեմ, որ նրանք չեն հրաժարվի և մեզ հետ կմասնակցեն համայնքի կառավարման խնդիրների լուծմանը: