Արագածոտնի մարզի խոշորացված համայնքների նորընտիր համայնքապետերի մասնակցությամբ այսօր Արագածոտնի մարզպետարանում տեղի է ունեցել խորհրդակցություն, որն անցկացրել են մարզպետ Ռազմիկ Պետրոսյանը, մարզպետի տեղակալներ Հարություն Գուլյանը, Տիգրան Եղիազարյանը և գլխավոր քարտուղար Հրաչյա Գևորգյանը։
Ռազմիկ Պետրոսյանը, շնորհավորելով համայնքների ղեկավարներին, կոչ է արել առավել մեծ նախաձեռնողականություն ցուցաբերել տարածքային կառավարում-տեղական ինքնակառավարում-պետական կառավարում գործակցության ակտիվացման համար։
«Համայնքները պետք է համաչափ զարգանան, և այս համատեքստում մեծ է ձեր դերակատարումը՝ խնդիրների գույքագրումից մինչև համապատասխան առաջարկների ներկայացում։ Ծրագրերը պետք է իրականացվեն ըստ առաջնահերթությունների»,- ընդգծել է մարզպետը։
Փոխմարզպետները զեկուցել են սուբվենցիոն և այլ ծրագրերով առաջիկայում իրականացվելիք աշխատանքների մասին․ ճանապարհների ասֆալտապատումից մինչև արևային կայանների ու մանկապարտեզների հիմնում։
Անդրադարձ է կատարվել COVID-19-ի դեմ պատվաստումների ցուցանիշներին, գյուղատնտեսական, հողօգտագործման հետ կապված մի շարք հարցերի։
Նիստն ավարտվել է տարին նոր աշխատաոճով սկսելու, մարզպետարան-ՏԻՄ գործակցությունն ակտիվացնելու երկուստեք պատրաստակամությամբ։