ԱԻՆ Փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչությունն այսօր հանդես է եկել 2021 թվականի գործունեության արդյունքների ամփոփումով: Նիստին ներկա են եղել նաև Շիրակի մարզպետի տեղակալ Կարեն Մանուկյանը, մարզպետարանի ոլորտային պատասխանատուները։
2021 թվականի ընթացքում իրականացված հիմնական միջոցառումների մասին ընդհանուր հաշվետվությամբ հանդես է եկել Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ Ալեքսան Գյոզալյանը: Հաշվետու ժամանակահատվածում Շիրակի ՄՓՎ գործունեությունն ուղղված է եղել քաղաքացիական պաշտպանության համակարգի կատարելագործմանը և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության խնդիրների իրականացմանը:
Գործունեության հիմնական ուղղություններն են եղել վարչության, փրկարարական և հրշեջ փրկարարական ջոկատների անձնակազմերի մարտունակության, մասնագիտական գիտելիքների և հմտությունների բարձրացումը։
Մարզում տեղի ունեցած ԱԻ դեպքերի օպերատիվ արձագանքման և հետևանքների մեղմացման աշխատանքների կատարման ժամանակ Շիրակի մարզային փրկարարական վարչության կողմից կազմակերպվել է համագործակցություն Շիրակի մարզպետարանի, համայնքների, ծառայությունների, շահագրգիռ կազմակերպությունների հետ:
2021 թվականի ընթացքում ՄՓՎ ՃԿԿ-ի ստացված զանգերի թիվը կազմել է 80 993 զանգ: 2021 թվականի զանգերի թիվը նվազել է 1.96 տոկոսով կամ 1623 զանգով։ 2021 թվականի ընթացքում Շիրակի մարզի տարածքում գրանցվել է 671 արտակարգ դեպք (2020թ.` 587), որոնց հետևանքով զոհվել է` 34 (2020թ.` 24), վիրավորվել` 517 մարդ (2020թ.` 378):