ՀՀ վարչապետի որոշման համաձայն Արդարադատության նախարարության կողմից 2021 թ․ դեկտեմբերի 21-ին հայտարարվել էր Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամների թեկնածուների մրցույթ։ Մրցույթին մասնակցելու հետաքրքրություն են ցուցաբերել Հայաստանի Հանրապետությունում գրանցված թվով 7 հասարակական կազմակերպություններ և թվով 5 արտախորհրդարանական կուսակցություններ: Այս մասին հայտնում են Արդարադատության նախարարությունից:
Ամփոփելով մրցույթի արդյունքները և հիմք ընդունելով Որոշմամբ սահմանված մրցութային ընթացակարգի պահանջները՝ Արդարադատության նախարարությունը տեղեկացնում է, որ. Հասարակական կազմակերպությունների կողմից ներկայացված հայտերից Որոշման չափանիշներին բավարարող ճանաչված թվով 5 հայտից ընտրվել են ներքոնշյալ թեկնածուները՝
«Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ (թեկնածու՝ Արթուր Սաքունց).
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ (թեկնածու՝ Դանիել Իոաննիսյան).
«Իրավունքի եվրոպա» ՀԿ (թեկնածու՝ Տիգրան Եգորյան):
Արտախորհրդարանական կուսակցությունների կողմից ներկայացված հայտերից Որոշմամբ սահմանված չափանիշներին բավարարող են ճանաչվել և ընտրվել են ներքոնշյալ թեկնածուները՝
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն (թեկնածու՝ Էդմոն Մարուքյան).
«Հանրապետություն» կուսակցություն (թեկնածու՝ Մասիս Մելքոնյան):
Թեկնածուների ցանկը ներկայացվելու է վարչապետի աշխատակազմ և ենթակա է հաստատման Սահմանադրական բարեփոխումների խորհրդի ձևավորման մասին վարչապետի որոշմամբ՝ խորհրդի ամբողջական կազմի հետ։