ՀԱՊԿ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԸ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԵՆ ՎԵՐՑՐԵԼ 5 ՕԲՅԵԿՏ
ՀԱՊԿ անդամ երկրների խաղաղապահների հրամանատարությունը Ղազախստանի պաշտպանության նախարարության հետ համատեղ մշակում է պահպանվող օբյեկտները Ղազախստանի իրավապահներին փոխանցելու ծրագիր։ Այս մասին հայտնել է ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի հրամանատար, գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովը։
Նա ընդգծել է, որ խնդիրների կատարումից հետո ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը ղազախական կողմի հետ գործակցությամբ կազմակերպում են խաղաղապահ ստորաբաժանումների վերադարձը Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ավիացիայի ինքնաթիռների մշտական տեղակայման վայրեր:
Սերդյուկովը նաև հայտնել է, որ ՀԱՊԿ-ի խաղաղապահները մեկ օրում հսկողության տակ են վերցրել Ղազախստանում գտնվող սոցիալական նշանակության հինգ կարևոր օբյեկտ:
ԹՈՒՐՔԻԱՆ ԴԺԳՈՀ Է ԿՈՐԾԱՆԻՉՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՏԱՊԱԼՈՒՄԻՑ
ՆԱՏՕ-ի որոշ երկրներ թուլացնում են դաշինքը՝ հրաժարվելով Թուրքիային ռազմական բաղադրիչներ վաճառելուց՝ հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։
Նա ընդգծել է, որ F-35-երի վրա ծախսված 1,4 միլիարդ դոլարի դիմաց F-16 կործանիչներ ձեռք բերելու շուրջ բանակցությունները Միացյալ Նահանգների հետ շարունակվում են։
Ավելի վաղ ԱՄՆ-ը պատժամիջոցներ էր սահմանել մի շարք թուրք պաշտոնյաների նկատմամբ և Անկարային հեռացրել F-35 կործանիչների ծրագրից ռուսական C-400 համակարգերի գնման պատճառով։
ՌԴ-ՆԱՏՕ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ
ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Ուենդի Շերմանը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը քննարկել են անվտանգության երաշխիքների շուրջ հունվարի 12-ին Բրյուսելում կայանալիք՝ ՌԴ-ՆԱՏՕ խորհրդի նիստը։
ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Ջուլիանա Սմիթի փոխանցմամբ՝ Շերմանը և Ստոլտենբերգը իրենց աջակցությունն են հայտնել առկա խնդիրները երկխոսության և դիվանագիտության ճանապարով լուծելուն, ինչպես նաև կոչ արել Ռուսաստանին՝ կոնկրետ քայլեր ձեռնարկել լարվածությունը նվազեցնելու ուղղությամբ։
Անդրադառնալով ՌԴ-ՆԱՏՕ առաջիկա խորհրդի նիստին՝ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը հայտարարել է, որ ԱՄՆ իշխանությունները մտադիր չեն քննարկել դաշինքին նոր երկրների անդամակցության սահմանափակումները։
Պաշտոնական Մոսկվան, իր հերթին, նպատակ ունի անվտանգության երաշխիքների շուրջ բանակցություններում հստակ արդյունքների հասնել թե՛ բուն բանակցային գործընթացի, թե՛ պայմանավորվածությունների ձեռքբերման հարցում։ Նման հայտարարություն է արել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Երկարատև դադարից հետո Բրյուսելում կայանալիք Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստին Ռուսաստանը կներկայացնեն փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն և պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը։ ՆԱՏՕ-ի կողմից հանդիպմանը մասնակցում են Բրյուսելում դաշինքի 30 երկրների մշտական ներկայացուցիչներ, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուենդի Շերմանը, կազմակերպության գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:
ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՆՈՐ ՂԵԿԱՎԱՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՀՈՒՆՎԱՐԻ 18-ԻՆ
Եվրոպական խորհրդարանի նոր ղեկավարի ընտրությունները տեղի կունենան հունվարի 18-ին, խոսնակի գործառույթները դեռևս կիրականացնի առաջին տեղակալ Ռոբերտա Մեցոլան։
Եվրախորհրդարանի նախագահ Դեյվիդ Սասոլին մահացել է հունվարի 11-ին՝ 66 տարեկան հասակում։ Նա հոսպիտալացվել էր իմունային համակարգի դիսֆունկցիայի ծանր տեսակի հետևանքով առաջացած բարդությունների պատճառով։
ԱՄՆ-Ը ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼ ԱՖՂԱՆՍՏԱՆԻՆ
ԱՄՆ իշխանությունները Աֆղանստանին ավելի քան 308 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն կհատկացնեն՝ հայտնել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Էմիլի Հորնը։
«2021 թվականի հոկտեմբերից Աֆղանստանին և տարածաշրջանում աֆղանստանցի փախստականներին ԱՄՆ-ի տրամադրած մարդասիրական օգնությունը կազմում է մոտ 782 միլիոն դոլար։ Մենք Աֆղանստանին մարդասիրական օգնություն տրամադրող ամենախոշոր դոնորն ենք»,- ասված է Հորնի հայտարարության մեջ։
ԱՄՆ-ը Աֆղանստանին կփոխանցի նաև կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ևս 1 միլիոն դեղաչափ։