Հայաստանում բացահայտվել է քողարկված ֆինանսական բուրգ, որի գործունեության հետևանքով տուժել են Հայաստանի հազարավոր քաղաքացիներ: Քննչական կոմիտեն հայտնում է, որ 2013-ից Իրանի տարածքում հիմնված և Միացյալ Թագավորությունում Vodanet British LTD կազմակերպության հաշվառմամբ քողարկված ֆինանսական բուրգը Իրանի, Կանադայի, ինչպես նաև Հայաստանի մի շարք քաղաքացիների հանցավոր համաձայնությամբ Հայաստանում գործունեություն է ծավալել 2016-ից:
VODA անվան ներքո հանդես եկող հանցավոր խմբի բարձր պաշտոններում գտնվող անդամները բուրգի կազմում ծրագրել և գործարկել են օրենքով արգելված համակարգ:
Իրենց ընկերության կազմում խոշոր շահույթով բիզնես գործունեություն իրականացնելու հնարավորություն տալու պատրվակով՝ փուլային դասընթացների համար հավաքագրել և ընդգրկել են բազմաթիվ քաղաքացիների, որոնք հաշվառվել են voda.net, vodanet.io ցանցային հարթակներում և կատարել 450-ից մինչև 21.000 դոլար գումարի չափով հյուրանոցային փաթեթների թվացյալ ամրագրումներ, ինչը ներկայացվել է որպես երաշխավորված ներդրում։
Vodanet British LTD ընկերության գործունեությունը կասեցվել, կայքերի գործունեությունը դադարեցվել է 2018 թ. հունիսին Իրանի իրավապահ մարմինների կողմից իրականացված քրեական հետապնդումների արդյունքում, որից հետո հանցավոր խմբավորման մի քանի անդամներ վերակազմակերպվել ու Կանադայում հաշվառել են Onyxum անվանմամբ ընկերությունը՝ գործարկելով onyxum.com կայքը և Հայաստանում՝ արդեն մշակված և կատարելագործված մեթոդով շարունակել են հանցավոր գործունեությունը։ Մի շարք բնակավայրերում հիմնվել են համանուն տարածքային գրասենյակներ, որտեղ փուլային դասընթացների պատրվակով ընդգրկվել են բազմաթիվ քաղաքացիներ, որոնց վստահեցրել են, որ կարող են մատչելի եղանակով կատարել բարձրակարգ հյուրանոցային փաթեթների թվացյալ գնումներ և իրավունք ստանալ չակերտավոր «արտասահմանյան հեղինակավոր ընկերության» համակարգում շահավետ եղանակով իրականացնել տուրիստական փաթեթների վաճառք: Այդ ամենի մասը դառնալու նախապայմանը եղել է մեկը՝ տուրիստական փաթեթ գնելը. այսինքն` որոշակի չափով գույքի ներդրում կատարելը, իսկ գումար աշխատելու միակ հնարավոր եղանակը պայմանավորված է եղել նոր ներդրողների ներգրավմամբ և նրանց կողմից կատարված գնումների հաշվին որոշակի տոկոսների ստացմամբ։
Արդեն իսկ մեղադրանք է առաջադրվել ՀՀ տարածքում այս ընկերության գործունեությունը համակարգող 11 անձի: Նախաքննությունը շարունակվում է:
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան