2021-ին ավելի քան 53 000 ստուգայց, 600-ից ավելի հայտնաբերված խախտում, մոտ 500 կազմված արձանագրություն. առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը ամփոփում է նախորդ տարին և նույն վճռականությամբ շարունակում աշխատանքը այս տարի: Հունվարի 3-ից վերսկսել են ստուգայցերը, արձանագրում են՝ դրական միտումը շարունակվում է:
Նոնա Հայրապետյան (ԱԱՏՄ Երևանի տարածքային կենտրոնի հակահամաճարակային բաժնի պետ) - Հիմա մենք իրականացնում ենք ոչ միայն ստուգայց, այն ուղեկցվում է իրազեկման աշխատանքներով, քանի որ հունվարի 22-ից նախարարի 02 Ն հրամանը ուժի մեջ է մտնում, որտեղ լրացումը հետևյալն է, որ մի շարք տնտեսվարող օբյեկտներ մուտք գործելիս այցելուները ևս պետք է ներկայացնեն պատվաստումը հավաստող սերտիֆիկատ կամ ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատ: Ինչպես թղթային տարբերակով, այնպես էլ՝ էլեկտրոնային:
Նախորդ տարի խախտումները հիմնականում վերաբերում էին պատվաստման կամ թեստավորման թերթիկի բացակայությանը: Մասնագետի խոսքով՝ քաղաքացիները սկզբից քիչ էին պատվաստվում, բայց 1-2 ամիս հետո պատկերը հակառակն էր: Այսօր էլ ստուգայցը կենտրոնի մարզաառողջարանային համալիներից մեկում էր: Մուտքի մոտից մասնագետները սկսում են ստուգումը. ախտահանիչ-դիմակի առկայությունը պարտադիր է: Ուշադիր են նաև սոցիալական հեռավորությանը:
Նոնա Հայրապետյան - Եթե նույնիսկ սարքերը տեղադրված են մարզվելու համար, միևնույն է, այնպես է կազմակերպված աշխատանքը, որ երկու մարզվողի միջև սոցիալական հեռավորությունը ևս պահպանվի: Երևաց, որ նաև ամեն մարզվողից հետո սարքը ախտահանվում էր:
Հակահամաճարակային կարգուկանոն էր նաև լողավազանում. ջերմաչափում են, գրանցամատյանում գրանցում մինչև 10 տարեկան երեխաների ճիճվակրության հետազոտության բացասական պատասխանները, ապա նոր թողնում մտնել լողավազան:
Պատշաճ լրացված էին նաև ախտահանման ու ջերմաչափման գրանցամատյանները: Տեսչականի աշխատակիցները գոհ էին նաև պատվաստման ու թեստավորման մատյաններից, դրական արդյունք են գրանցում՝ 150-ից ավելի աշխատակիցներից միայն 3-ն են շարունակում ՊՇՌ թեստ հանձնել, մյուսները պատվաստված են: