ԵԱՀԿ գործող նախագահությունն իր խոր մտահոգությունն է հայտնում հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով բախումների վերսկսման կապակցությամբ, որը նոր զոհերի պատճառ է դարձել՝ ասված է կազմակերպության հայտարարության մեջ։ «Կոչ ենք անում զերծ մնալ ուժի կիրառումից և շարունակել վերջերս սկսված բովանդակալից քաղաքական երկխոսությունը։ Լեհաստանը՝ որպես ԵԱՀԿ նախագահող երկիր, պատրաստակամ է համագործակցել գործընկերների հետ՝ վերականգնելու և ամրապնդելու տարածաշրջանում կայուն զարգացման ու տևական խաղաղության հաստատմանն ուղղված քայլերը»,- նշված է հայտարարության մեջ։ ԵԱՀԿ նախագահությունը նաև վերահաստատել իր աջակցությունը Մինսկի խմբի համանախագահների ջանքերին:
Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը նույնպես մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի իրականացրած վերջին սադրանքի առիթով: «Խորապես անհանգստացած եմ սահմանային նոր միջադեպերի և զոհերի մասին հաղորդագրություններից։ Կողմերի համար կարևոր է թուլացնել լարվածությունը և ամբողջությամբ օգտագործել առկա մեխանիզմները, մասնավորապես՝ ՊՆ-ների միջև թեժ գիծը, որն ստեղծվել է ԵՄ հովանու ներքո՝ 2021 թվականի նոյեմբերին»,- նշել է ԵՄ պաշտոնյան։ Կլաարը նաև ընդգծել է, որ ԵՄ-ն պատրաստ է աշխատել կողմերի հետ՝ ուժերն իրարից հեռացնելու հարցում։ «Վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ լրացուցիչ աջակցություն ցուցաբերելու Հայաստանին և Ադրբեջանին՝ սահմանների սահմանազատման և սահմանագծման աշխատանքներում»,- հավելել է դիվանագետը։
Վերջին սահմանային զարգացումներին անդրադարձել է նաև ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոն։ «Հայ-ադրբեջանական սահմանին արձանագրված փոխհրաձգությունը, որի հետևանքով կան զոհեր և վիրավորներ, հաստատում է ուժերն իրարից հեռացնելու և վստահությունն ամրապնդելու անհրաժեշտությունը: Եվրամիությունն աշխատում է կողմերի հետ՝ նպաստելու հակամարտության համապարփակ կարգավորմանը»,- գրել է Ստանոն Թվիթերի միկրոբլոգում:
*****
Բրյուսելում ավարտվել է եվրոպական անվտանգության երաշխիքների շուրջ Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստը։ Բանակցությունները տևել են գրեթե 4 ժամ։ Հանդիպման ավարտից հետո ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վենդի Շերմանը Թվիթերի միկրոբլոգում գրել է, որ նիստի ժամանակ անդրադարձ է կատարվել միջազգային և եվրոպական անվտանգության համակարգի հիմնարար սկզբունքներին: «Յուրաքանչյուր երկիր իրավունք ունի ընտրելու իր ուղին»,- ընդգծել է դիվանագետը։ Նրա խոսքով՝ եվրոպական անվտանգության վերաբերյալ ռուսական կողմի որոշ առանցքային առաջարկներ անընդունելի են: Նա վերահաստատել է, որ հյուսիսատլանտյան դաշինքը բաց է երկխոսության և դիվանագիտության համար։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ռուսական պատվիրակության հետ բանակցություններն անվանել է բարդ, բայց արդյունավետ։ Ստոլտենբերգի խոսքով՝ ՆԱՏՕ-ն հրաժարվել է երաշխավորել, որ Ուկրաինան չի միանա ՆԱՏՕ-ին: «Մենք հայտնել ենք, որ Ուկրաինայի շուրջ իրավիճակի սրման դեպքում ՆԱՏՕ-ն կարող է ուժեղացնել իր ներկայությունն արևելյան դաշնակիցների տարածքում»,- նշել է նա՝ հավելելով, որ ռուսական կողմին առաջարկել են նոր հանդիպումներ անցկացնել, այդ թվում՝ քննարկելու Եվրոպայում հրթիռների տեղակայման փոխադարձ սահմանափակումների և միջուկային քաղաքականության հարցը։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտնել է նաև, որ Դաշինքը հետաքրքրված է Մոսկվայում իր ներկայացուցչության աշխատանքի վերականգնմամբ, ինչպես նաև ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում ռուսական դիվանագիտական ներկայությամբ: Պաշտոնական Մոսկվան, սակայն, դեռևս չի արձագանքել դիվանագիտական ներկայացուցչությունների վերականգնման առաջարկին՝ այն ընդունելով ի գիտություն:
*****
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտնել է հունվարի 13-ին երկրից ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի դուրսբերման մեկնարկի մասին։ «Ես բանակցություններ եմ անցկացրել ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների հետ։ Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել զորախմբի հրամանատարությանն այս օրերի ընթացքում կատարած աշխատանքի համար»,- նշել է Տոկաևը։ Նրա խոսքով՝ ՀԱՊԿ խաղաղապահների ներկայությունը Ղազախստանում շատ կարևոր դերակատարում են ունեցել երկրում իրավիճակի կայունացման հարցում։