Առանձնացնել խանութներում բնական կաթից և հավելումներով արտադրված կաթնամթերքը՝ դրանք դասավորելով առանձին բաժիններում: Առաջարկը Էկոնոմիկայի նախարարությանն է: Նպատակը՝ օգնել սպառողին կողմնորոշվել ապրանքի ընտրության հարցում: Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց նախագծին՝ շեշտելով երկու կարևոր հարց՝ ինչպես որոշումը պետք է իրագործեն փոքր խանութները, և հնարավոր կլինի՞ արդյոք վերահսկողություն իրականացնել:
Բաբկեն Թունյան (ՀՀ Աժ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ) - Մենք առաջին նիստի ժամանակ նշել ենք, որ փոքր խանութներում դա հնարավոր չէ: Հիմա առաջարկ կա, որ դա կիրառվի 200 ք.մ գերազանցող խանութներում:
Առաջարկվող լրացումները օրենքի նախագծում պետք է ամրագրվեն երկրորդ ընթերցումից առաջ:
Հայաստանում վերջին տարիներին լայնորեն տարածվել են շահումով առցանց խաղերը: 2018 թվականի համեմատ 2021-ին խաղադրույքների ծավալն ավելացել է 6 անգամ, խաղացողների քանակն էլ եռապատկվել է: Դա արձանագրել է Ֆինանսների նախարարությունը, ինչի հետևանքով էլ գերատեսչությունը որոշել է գովազդի մասին օրենքում փոփոխություններ առաջարկել:
Արմեն Հայրապետյան (ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ) - Մենք ունենալու ենք օրենքի ընդունումից հետո խաղատների, ինտերնետ շահումով խաղերի, տոտալիզատորների հավասարեցում, ինչը կնշանակի, որ գովազդը արգելված կլինի:
Ֆինանսների նախարարությունում գիտակցում են, որ սահմանափակումը բացասաբար է ազդելու գովազդային գործակալությունների գործունեության վրա: Պատրաստ են նախագիծը վերանայել՝ բացասական ազդեցությունը մեղմելու համար: Սակայն չեն կարող չպայքարել խաղամոլության դեմ:
Պատգամավորները համաձայնեցին՝ պայքարել պետք է, սակայն կոշտ սահմանափակումները հարվածելու են նաև այլ ոլորտներին: Օրինակ՝ ԶԼՄ-ները կզրկվեն գովազդի զգալի ծավալից:
Վահե Հակոբյան (ՀՀ Աժ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ) - Գովազդից գոյացած բյուջեն տարբեր ոլորտներում, եթե մենք հիմա արգելում ենք, զգալի հարված կստանա:
Բաբկեն Թունյան - Ուղղակի պետք է ճիշտ լուծումը գտնել, բալանսը գտնել:
Մշտական հանձնաժողովը հավանության է տվել նաև «Գնումների մասին» օրենքում լրացումների նախագծին: Վերջնական ընդունվելու դեպքում այն հնարավորություն կտա գործադիրին՝ բացառիկ դեպքերում շինարարական աշխատանքների գնման համար նախապես սահմանել մասնակիցների ցուցակ: Եվ անհրաժեշտության դեպքում ընկերությունները կստանան հրատապ առաջարկ, ինչի արդյունքում հնարավոր կլինի աշխատանքներն առավել օպերատիվ իրականացնել: